Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ. Մարտիրոսյանը երեկ` նոյեմբերի 15-ին մեզ հեռախոսով հայտնեց, որ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է Ազատամուտ համայնքում կատարած ուսումնասիրությունները: Նա ասաց, որ ինքը չարաշահումներ չի կատարել, եթե ցանկացած համայնքում ստուգումներ կատարեն, ավելի շատ թերություններ կգտնեն: Համայնքի ղեկավարն ասաց, որ հրաժարական պարտադրելու նպատակով իր վրա ճնշում է գործադրվում, որի ապացույցն է համարում իր երկրորդ որդու կալանավորումը, թոռներին քննչական վարչություն կանչելը:
Նրա վկայությամբ՝ ցույցի ժամանակ իր որդին տեսել է, թե ինչպես իր մորը (Ժ.Մարտիրոսյանի կնոջը) գետնով են տվել, որդին միջամտել է մորը պաշտպանելու համար, ոստիկանները մեծ խմբով որդուն բերման են ենթարկել ու քրեական գործ հարուցել: Ասաց, որ իր որդուն մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զ. Զաքինյանը Բերդ քաղաքում նրա խափանման միջոց է ընտրել 1 միլիոն դրամ գրավը: Սակայն այդ վճիռը բողոքարկվել է, վերաքննիչ դատարանի վճռով որդին կալանավորվել է, այժմ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է:
Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ իր աշխատասենյակում իր հանդեպ բազմաթիվ խուլիգանական արարքներ են կատարվել, որոնց ապացույց- տեսանյութերը Ֆեյսբուքում են, սակայն այդ արարքները կատարողները պատասխանատվության չեն կանչվել: Նա նշեց, որ 2016թ.ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայտնի հաշվեհամարին ինքը Ազատամուտից 150 հազար դրամ է փոխանցել, դրա համար պատվոգրի արժանացել, ազատամուտցի ցուցարար մի կին իր աշխատասենյակից պատվոգիրը վերցնելով`փողոցում ցուցադրել է, հայտարարելով`ժողովուրդ, տեսեք սա էլ է կեղծ:
Ժ. Մարտիրոսյանը հայտնեց, որ այսօր` նոյեմբերի 16-ին իր 2 թոռներին՝ 2 որդիների տղաներին`կանչել են քննչական վարչություն: Ասաց, որ իր թոռները 17 տարեկան են, 12 -րդ դասարանի աշակերտներ, գերազանց սովորող:
Նա ասաց նաև`թոռների մասնակցությամբ Բարխուդարլուի ձորում վեճ եւ կռիվ է եղել, հավելելով. «Նրանք 40 հոգի են եղել, իրենք` 6: Նրանցից որ մեկին բան չեն ասում, այս երեխաներին են կանչել քննչական վարչություն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ