«Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրով առաջարկվում է իրականացնել լյուստրացիա` իր ողջ հնարավոր ծավալով՝ թե քաղաքական թե տնտեսական առումով, որը ենթադրում է նաև օտար պետության գործակալների գաղտնազերծում, բացահայտում, պետական պաշտոններից հեռացում և պատիժ՝ օրենքով սահմանված կարգով :
Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի պատասխանատու Հայկ Գրիգորյանը թեմայի վերաբերյալ նշեց. «Մարտի 1-ի քննությամբ պարզվեց, որ մեր պաշտպանության նախկին նախարարը եղել է ՌԴ քաղաքացի, ինչն աբսուրդ է:
Այսօր էլ պատգամավորության թեկնածուներից 10-15 հոգի չստացան համապատասխան տեղեկանք, քանի որ երկքաղաքացի էին: Այսինքն` օրենքը խստությամբ կիրառում ենք շարքային քաղաքացի է, բայց բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում չի ստուգվել: Վստահ եմ, որ նախկին պաշտպանության նախարարի դեպքում էլ են դա իմացել, անհնար է որ անվտանգության ստուգում չլիներ: Ստացվում է` դա իմացել են ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ շատերը, ոչ միայն ՌԴ քաղաքացիներ են, այլեւ այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
Եվ եթե մենք սա չենք բացահայտում, չենք կարողանալու քաղաքական գնահատական տալ: Հիշենք, թե ապրիլյան պատերազմի ժամանակ մեր գլխավոր շտաբի պետն ո՞վ է եղել… Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխաններ տրվեն: Պետք է բացահայտվի բարձրաստիճան անձանց պատկանելությունը այս կամ այն գործակալական ցանցին, հանրությունը պետք է ամեն ինչ իմանա, այդ մարդիկ պետք է զրկվեն քաղաքական կյանքում մասնակցություն ունենալու իրավունքից, քրեական պատասխանատվության էլ պետք է ենթարկվեն` ըստ օրենքի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ