«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր նախընտրական ցուցակում ձեր խմբակցությունում գործող 6 պատգամավորների չեք ընդգրկել՝ պատասխանեց. «Մենք քաղաքական դաշտում ենք գտնվում քաղաքական իրողություններ կան, քաղաքական իրավիճակ է: Մենք հարգում ենք մեր քաղաքական խորհրդի դիրքորոշումը, մեր թիմակիցների առաջնահերթ կարծիքը: Մենք մեր բոլոր թիմակիցներին հարգանքով ենք վերաբերվում»:
Հարցին՝ լուրեր կան, որ Տավուշում ձեր ռեյտինգային թեկնածուներն իրար հետ վիճում են, դեռ չի՞ որոշվել ովքեր են ռեյտինգային թեկնածուները՝ Էնֆիաջյանը պատասխանեց, որ իրենց թիմում վեճի առարկա չունեն ոչ միայն Տավուշում, այլեւ առհասարակ: Նա ասաց, որ ուզում են ներկայանալի հանդես գան բնակչության առաջ:
Հարցին՝ Ծառուկյանն ասել էր, որ լուրջ փոփոխություններ են լինելու ցուցակում, լուրջ փոփոխությունն ինչում էր կայանում՝ Էնֆիաջյյանը պատասխանեց, որ իրենց ցուցակում նոր մարդիկ կան, որոնք պատգամավոր չեն եղել. «Ակնհայտ է, որ դա փոփոխություն է»:
Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հրաժարվել է առաջադրվել զուտ այն պատճառով, որ կասկածել է ձեր ուժը 5 տոկոսի շեմը կհաղթահարի՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ մեր քաղաքական թիմը քննարկել է, ցուցակն այս տեսքը ստացել է մեր քաղաքական թիմի քննարկումների արդյունքում: Նման բովանդակության քննարկում, որ այս շեմը կանցնի, թե չի անցնի, նման քննարկում չի եղել, դա ապատեղեկատվություն է: Իսկ իմ անձնական ներքին համոզմունքն է, որ Արգամ Աբրահամյանը բավականին մեծ վստահություն է վայելում հատկապես Արարատի մարզում»: Նա ասաց, որ Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն է եղել չմասնակցել ընտրություններին:
Խոսելով Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինել-չլինելու, ԱԺ-ում անընդհատ բացակայելու մասին՝ Էնֆիաջյանը վստահեցրեց, թե նա օլիգարխ չէ, ավելին՝ հայտարարեց, որ պառլամենտ մոնիտորինգը վկայում է, որ «Ծառուկյան» խմբակցությունը եւ Գագիկ Ծառուկյանն ամենաակտիվն են եղել խորհրդարանում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ