Գյումրու Նորավան թաղամասում գտնվող, շուրջ 402 աշակերտ ունեցող թիվ 18 դպրոցում բառի իսկական իմաստով սառնամանիք է․ դասասենյակներում ջերմաստիճանը 10 աստիճան ցուրտ է, ծնողներն այլև հրաժարվում են դասի ուղարկել իրենց երեխաներին։ Տարրական դասարաններում դասադուլը սկսվել էր ավելի վաղ, իսկ այսօր համընդհանուր դասադուլ էր․ ոտքի էր կանգնել ողջ դպրոցը։
Առաջին դասարանի ծնողներից մեկը՝ Մերի Մկրտչյանն Aravot.am-ին ասաց․ «Սկզբում մենք բոլորս մտածում էինք, որ ջեռուցման սեզոնը չի սկսվել, նոյեմբերի 15-ից է սկսվելու, այդպես էին հայտարարել։ Իմացել էինք, որ բոլոր դպրոցներում այդպես է։ Ծնողները հետաքրքրվեցին, տեսանք, որ բոլոր դպրոցներում կա ջեռուցում, մոտեցանք տնօրենին, նա ասաց, թե ինչն է պատճառը ջեռուցում չունենալու։ Մենք մինչև վերջին վայրկյանը չենք իմացել՝ ինչ խնդիր կա։ Մեր դպրոցի կաթսայատունը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում, վթարային է, խորհրդային տարիներին կառուցված և նախատեսված է անտրացիտի համար: Անցած տարի փորձել են գազով ջեռուցել, բայց հնոցապանն այրվածք է ստացել, այս տարբերակով ջեռուցումը վտանգավոր է։ Դպրոցն անգամ էլեկտրականությամբ ջեռուցել չեն կարող, քանի որ մալուխները հին են և լարվածությանը չեն դիմանում։ Անցած տարի այս տարբերակն էլ են փորձել, երեք դասասենյակներում հրդեհ է ընկել: Դպրոցը մտած է սոցներդրումների հիմնադրամի ծրագրի մեջ, նոր կաթսայատուն պիտի կառուցեն, նախագիծ-նախահաշիվը կա, գումարը կա, սակայն չեն տրամադրում։ Սկզբից պատճառաբանել են, որ խնդիրը կապված է նախահաշվի հետ․ եղած գումարը չի բավականացնի, հետո նկուղի ծախսը հանվել է, որ գումարն էլ կրճատվի, բայց դարձյալ ապարդյուն։
Տնօրենը փորձել է իր տարբերակով լուծել ջեռուցման հարցը, ամառվանից սկսած նույնիսկ արձակուրդ չի գնացել, այդ խնդրով է զբաղվել։ Սեպտեմբերից սկսած խոստացել են, որ մրցույթը կհայտարարվի, գումարը կա, բայց փաստորեն մրցույթի հայտարարումը դարձել է խնդիր։Ես անընդհատ հետևում եմ gnumner.am-ին կայքին, բայց մինչ այս պահը մրցույթ հայտարարված չէ։
Ահավոր է դպրոցում, մենք հույս ունեինք, որ գոնե արձակուրդներից հետո կլինի ջեռուցումը, արձակուրդներից հետո գնացինք, ասացին մի 10 օրվա խնդիր է, նույնիսկ դասաժամերը կրճատեցին, սկզբում 40 րոպե դարձրեցին, հետո տնօրենը գնաց, նորից դիմում գրեց մարզպետարան, որ գոնե 35 րոպե դարձնեն։ Այս մի շաբաթը 35 րոպեով է, բայց տարրականի ծնողներս որոշեցինք դասի չուղարկել երեխաներին։
Այսօր էլ բարձր դասարանի երեխաներն ու ուսուցիչները միացան բողոքի ցույցին, փաստորեն այս խնդիրը շուտվանից է ունեցել դպրոցը։ Տնօրենը՝ տիկին Ալեքսանյանն արդեն երկու ու կես տարի է, ինչ տնօրեն է, ասում է՝ ես միշտ բարձրաձայնել եմ, սկզբում ասել են ֆինանսի խնդիր կա, հիմա ֆինանսը կա, խնդիրը մրցույթ հայտարարելն է։ Սոցներդրումների հիմնադրամը մրցույթը չի հայտարարում, անընդհատ զանգում են, անընդհատ պատասխանում են՝ վաղը կհայտարարենք, մյուս օր ու այսպես շարունակ․․․ Ստիպված նամակ ենք գրել վարչապետին, ստորագրել ենք, 101 ծնողի ստորագրություն կա (Տես նամակը):
Կոնկրետ տարրական դասարանների երեխաների ծնողները իրենց երեխաներին դպրոց չեն տանի, մինչև այս հարցը չլուծվի:
Կրթության վարչության պետը տարբերակներ է փնտրում, տարբերակներից մեկը ժամանակավոր 10-րդ դպրոց տեղափոխելն է, բայց այդ դպրոցը բավական հեռու է, տրանսպորտի խնդիր է առաջ գալիս, տարրական դասարանների երեխաներն էլ փոքր են, չեն կարողանա միայնակ գնալ դպրոց, ծնողներին ավելորդ ծախսերի տակ կգցեն, իսկ մերը թաղային դպրոց է։ Ծնողներն այս տարբերակին չեն համաձայնում, նաև մտածում ենք, որ այս միջոցով փափուկ բարձ են դնում ծնողների գլխի տակ»։
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը ևս փոխանցեց, որ դպրոցի ջեռուցման համակարգը վնասված է , խայտառակ վիճակում , դպրոցի տնօրինությունը դիմել է ջեռուցման նոր համակարգ ունենալու խնդրանքով, ծրագիրը հաստատվել է, այն պիտի կառուցեն մարզպետարանին տրամադրված հրատապ ծրագրերի գումարներով, սակայն դեռ մրցույթ չի հայտարարվել։
«Մեր կողմից ամեն ինչ արված է, փաթեթը կազմեցինք, ուղարկեցինք սոցներդրումների հիմնադրամին, որպեսզի մրցույթն անցկացնեն, շինարարին ընտրեն, գա և իրականացնի աշխատանքները ու ձգվեց՝ ստեղծվելով նման վիճակ։ Մենք տարբերակներ ենք մտածում մինչև այս հարցը կլուծվի, ինչ տարբերակ ասես չենք առաջարկել, առաջարկեցինք թերբեռնված դպրոցներից մեկում անցկացել դասեր՝ երկու հերթով, ծնողները չհամաձայնվեցին։ Էլեկտրական ջեռուցմամբ էլ հնարավոր չէ, քանի որ մալուխները խայտառակ վիճակում են, անընդհատ տարբերակներ ենք մտածում»,- ասաց Հրայր Կարապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ