Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նոյեմբերի 11-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում մարդկայնորեն տգեղ արարք որակեց վերջերս քաղաքապետարանի կողմից Նորքում շենքի ապամոնտաժումը, որը մեծ աղմուկ է հանել: «Նոր կառուցած, քարը քարին դրած, բուլդոզերը տալիս քանդում է: Ընդունենք այս մարդն ուշացրել է իր թույլտվությունը, գուցե իշխանափոխության ժամանակ ոչ մեկը չի համաձայնել փող վերցնել, ձգել են, որոշումը չի եղել, ուրեմն պետք է քանդե՞ն…»,-ասաց քանդակագործը: Նախիջևանագետ Արգամ Այվազյանը ռեպլիկ հնչեցրեց. «Վստահ եմ, որ վերցրել են»: Ասուլիսի բանախոսները շեշտեցին, որ կարող էին չքանդել՝ մինչեւ դատարանը համապատասխան որոշում կայացներ:
«Մի հատ եկեք Արաբկիր վարչական համայնք, Կոմիտաս, Քոչար, Վաղարշյան…տեսեք, թե ինչ է կատարվում: Իսկ այնտեղ քաղաքաշինական նորմեր չկա՞ն, 10 մետրանոց փողոցի վրա 30 մետրանոց շենքեր են կառուցում: Պատուհանը կպած է պատուհանին: Բնակիչները ծիծաղելով ասում են` ես դուրս եմ գալիս ծխելու, ծուխս գնում է հարեւանի պատշգամբ…Եվ այդ տերերը, որ թույլտվություն ունեն, պարզ է, թե ոնց են այն ստացել: Ի՞նչ է մտածել Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը»,-տարակուսանք հայտնեց Թոքմաջյանը:
Մանրամասն տեսանյութում՝
«Բա էլիտար կոչված անհայրենիք Ճարտարապետությո՞ւնը…Մեսչյանն ասում է ժողովուրդը շատ սիրեց Հյուսիսային պողոտան, բա ի՞նչ անի, որ չսիրի, հիմա եղածը եղած է…Բայց ժողովուրդը էդ կիզիչ արեւի տակ մի ծառ չի գտնում, որ նստի, որովհետեւ ամենուր ստորգետնյա ավտոկայանատեղիներ են…»,-ասում է քանդակագործը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը հիշեցրեց Բալզակի խոսքերը. «Ճարտարապետությունը բարքերի հայելին է»: Նա հավելեց. «Իսկ մենք կարո՞ղ էինք որակապես այլ ճարտարապետություն ունենալ, այն արժեհամակարգի պայմաններում, որ կար մեր վերջին 20-25 տարիների ընթացքում…Արժեհամակարգ, մտածելակերպ, իշխանությունների վերաբերմունք, օրենքի գերակայության խնդիր…Այսինքն՝ այլ ճարտարապետությունն իր վրա չէր կրի ճշմարիտ տարեգրի գործառույթը: Մենք ունեցել ենք այն, ինչ-որ ունենք»:
Ինչ վերաբերում է ինքնակամ շինությանը, Սարգիս Թովմասյանը խոց է որակում, նաեւ փաստ է մեջբերում` միայն Անկախության տարիներին կառավարության 7 որոշում է ընդունվել ինքնակամ կառույցների մասին, բայց խնդիրը մինչ օրս մնացել է չլուծված, որովհետեւ մենք գնում ենք հետեւանքները վերացնելու ճանապարհով, բայց ոչ՝ կանխարգելելու»:
Մանրամասն տեսանյութում՝
Ճարտարապետության ֆակուլտետի դեկանն ասում է, որ աղմուկ հանած ապամոնտաժված շենքի առումով, իր կարծիքով, քաղաքապետի համար գուցե եւ հեշտ չի եղել նման որոշում կայացնելը: «Բժիշկների սխալներն արագ են մոռացվում, որովհետեւ հողի տակ են, ճարտարապետների սխալները մեր աչքի առաջ են: Քաղաքաշինական սխալները սովորաբար չեն ուղղվում, այլ ծանրանում են հաջորդ սերունդների վրա»,-նշում է նա:
Մանրամասն տեսանյութում՝
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ հիշեցնում է՝ մեր ազգի համար ամենակարեւորը ճարտարապետությունն է, ճարտարապետությամբ դու ասում ես, թե ինչպիսին ես դու: «Այո, այս տեսակ բարքերով ուրիշ քաղաք չէիր կառուցի:
Բազմիցս ասել եմ, որ այսպիսի քաղաքաշինական մեթոդներով քաղաք կառուցելը նոնսենս է, ինչպե՞ս կարելի է անել մի բան, որը խանգարում է սովորական ապրելակերպին, ինչպե՞ս կարելի է քաղաքը դարձնել անթթվածին, այնպես, որ մեքենաները ոչ միայն չգիտեն, թե որտեղ կանգնեն, այլեւ երթեւեկեն: Ինչպե՞ս կարելի է Պուշկին փողոցում, որն այնպես էր նախագծվել, որ մեկ-երկու մեքենա անցնեին, ու կառուցված էին մեկ-երկու հարկանի շենքեր, հիմա 15-20 հարկանի կառուցել»,-ասում է Աղամյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ