Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Երեւանում է ծնվել, տարակուսանք է հայտնում` ովքե՞ր են տվել քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող շինությունների կառուցման ու քաղաքի աղավաղման թույլտվությունները:
«Ես հիշում եմ քաղաքի կենտրոնի 20-րդ դարի սկզբի, 19-րդ դարի սեւ շենքերը, որոնց վրա գրված էր` պահպանվում է պետության կողմից: Եվ դա պահպանում էր Սովետական պետությունը… Ամոթ մեզ, որ ազատագրվեցինք, ասելով` իբր անկախ ենք, մեր ազգայինը պետք է պահպանենք, բայց այդ տախտակները հանեցինք հին շենքերի վրայից ու քանդեցինք»,-ասում է Նկարիչների միության նախագահը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, արդյոք պարտադի՞ր է, որ Երեւան քաղաքն ունենա գլխավոր Ճարտարապետ, պարոն Աղամյանը նշում է. «Իհարկե, դա պարտադիր բան է, գլխավոր ճարտարապետն է հսկում ամեն ինչ: Պետք է անձ, մի պաշտոնյա, որ այդ ամենը վերահսկի»:
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հավելեց. «Պարզապես մենք չենք զգացել գլխավոր ճարտարապետի կարեւորությունը, նա ենթակա է եղել` ինչ քաղաքապետն ասել է, ինքը կատարել է: Դրա համար էլ էդ պաշտոնը դարձել է երկրորդական մի բան»:
Կարեն Աղամյանն ասում է, որ ուրախ է Արթուր Մեսչյանի` Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակվելու համար, բայց չի նախանձում նրան` նման ժառանգություն ստանալու համար. «Գլխավոր ճարտարապետը շատ մեծ խնդիրների առաջ է կանգնած, օրինակ, իրենից պահանջում ենք աղբահեռացում, երբ ճարտարապետությունը չի մտածել, թե որտեղ պետք է աղբը կուտակվի…Մենք պահանջում ենք կանաչապատում, իսկ որտե՞ղ, երբ տեղ չի մնացել…»:
Նախիջեւանագետ Արգամ Այվազյանը համամիտ է, որ համակարգի պատճառով է ճարտարապետությունը ձեւախեղվել, բայց մյուս կողմից, նրա խոսքերով. « Չէ՞ որ այդ համակարգն էլ մենք են, ոչ թուրքն է, ոչ պարսիկը, ոչ միջնադարը…Հիշո՞ւմ եք, պարոն Մեսչյանն ասաց, որ ժամանակին հրաժարվել է նույն պաշտոնից, որովհետեւ նախագահի թիկնազորի պետն իր հոգին հանել էր…»:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը ընդգծում է՝ չմոռանանք, որ գլխավոր ճարտարապետը չէ իրավունքի սուբյեկտը, նա ընդամենը կարող է խորհուրդ տալ, մասնագիտական եզրակացություն հայտնել. «Մեր օրենքներում գլխավոր ճարտարապետ հասկացություն չկա ՏԻՄ-երում, ընդամենը կան գործառույթներ քաղաքաշինության ոլորտում»:
Պարոն Թովմասյանն ամենամեծ խնդիրն այն է համարում, որ Երեւանը վերածվել է քաղաք-պետության: Ասում է` բոլոր կառավարությունների ծրագրերում եղել է տարածքային համաչափ զարգացման խնդիրը, բայց մինչեւ այսօր հարցը չի լուծվել: «Չմոռանանք, որ Թամանյանը Երեւանը նախագծել էր 300.000 բնակչի համար, ինչը այն ժամանակ խելագարություն էր համարվում, մտածում էին` ոնց կարող է Երեւանն այդքան մեծանալ: Եվ փողոցների լայնությունը այդ ցուցանիշներով էր հաշվարկված, իսկ հիմա փողոցները նույնն են, մեքենաները չեն կարողանում շարժվել»,- հիշեցնում է մասնագետը:
Մանրամասները` տեսանյութում`
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ