Այսօր խորհրդարանում տապալվեց ՀՀԿ-ականների նախագիծը, որով նախատեսվում էր կաթողիկոսին նույնպես պարտադիր հատուկ պահպանության տակ առնել ու նրա անվտանգությունը պահպանել:
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ի օրոք նրա անվտանգությունը չեք փորձել նման օրենք ընդունել՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ ՀՀԿ-ի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները չէին վխտում եւ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, վեհարանի գրավման փորձեր չէին կատարվում, Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Այս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք վեհարանի գրավման փորձեր, վեհափառի նկատմամբ ոտնձգություն, աղանդավորության քարոզ եւ գոմիկության քարոզ, այ դրա համար էլ այսօր բերել ենք այդ նախագծերը»:
Շարմազանովն ասաց, որ նման կարեւոր հարցերը չեն ուզում, որ կախված լինի վարչապետի քաղաքական կամքից:
Հարցին՝ տեսակետ հնչեց, որ եթե վեհափառը չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր խնդիրն է ու նախորդ տարիներին տեսել ենք, թե ինչպես է կաթողիկոսը կրավորական կեցվածք ընդունել, ո՞նց կմեկնաբանեք սա՝ Շարմազանովը պատասխանեց. «Եթե Աստվածաշունչ շատ կարդայինք, կհասկանայինք,որ մենք իրավունք չունենք գնահատական տալ մեր հոտի առաջնորդին, վեհափառը դա Աստծուց է: Ցանկացած եկեղեցու առաջնորդ, լինի Հռոմի պապ, Կոնստանդնուպոլսի պատրիարք, Աստծուց է: Մենք չէ , որ պետք է որոշենք՝ ինչ պետք է անի վեհափառը, մենք պետք է ընդամենը պաշտպանենք, իսկ վեհափառին գնահատական կտա Աստված, ոչ թե սովորական մահկանացուներս»:
Դիտարկմանը, որ կաթողիկոսին նշանակում է ոչ թե Աստված, այլ սովորական մահկանացուն ու պետք է հասարակության վստահությունն ու հարգանքը վայելող մարդու նշանակեին, որ չվախենար իր ժողովրդից ու հասարակությունից՝ Շարմազանովն արձագանքեց. «Վեհափառը չի վախենում հասարակությունից, այս հասարակության հոգեւոր առաջնորդն է»:
Շարմազանովի խոսքով՝ «Բա վարչապե՞տը ինչի է ախրանա պահում, վախո՞ւմ է մտնի ժողովրդի մեջ: Չէ չէ՞, եթե վտանգ լինի, մենք կօգնենքը ո՞րն է»: Նա հիշեցրեց, որ Փաշինյանն էր կաթողիկոսի հետ սելֆի անում ու հորդորեց քաղաքական մանր խաղերի մեջ եկեղեցին չներքաշել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ