ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը ոնց որ աջաբսանդալ լինի: Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ձեր ցուցակին ի՞նչ ճաշի անուն կտաք՝ Շարմազանովը պատասխանեց. «Մեր ցուցակը տրամաբանական ցուցակ է, որը բխում է ազգային պահպանողական գաղափարախոսությունից: Ցուցակում մարդիկ են, ովքեր ազգային արժեքային համակարգի կրող են, մարդիկ են, ում համար Արցախի հարցի հայանպաստ լուծումը գերխնդիր է, հայոց ցեղասպանության ճանաչումը գերխնդիր է, ովքեր մտահոգված են ազգային արժեքների պահպանմամբ, ազգային ավանդական ընտանիքի պահպանմամբ: Մեր ցուցակում ներգրաված մարդիկ բոլորը ՀՀ եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների վերաբերյալ ունեն միեւնույն տեսլականը: Իսկ «Իմ քայլը» ցուցակում տեսել եմ շատ մարդիկ, այդ թվում լրատվական դաշտից, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր կուրծք էին ծեծում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ովքեր Հայաստան-ՌԴ դաշնակցային հարաբերությունների ամենախիստ քննադատողն էին, իսկ այսօր նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է ՌԴ-ի հետ հարաբերությունների ջերմ երկրպագուն, որը շատ լավ է, դարձել է ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի պաշտպանը ու հիմա ինձ համար ընկալելի չի՝ այս մարդիկ էլի գտնում են, որ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն չարի՞ք է, էլի գտնում են, որ ՌԴ-ն է մեղավոր ՀՀ-ի հետ կապված խնդիրների մեջ, թե՞ ինչպես Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո փոխել են իրենց կարծիքը: Դրա համար ասում եմ աջաբսանդալ»:
Հարցին՝ տրամաբանակա՞ն է, որ Դավիթ Շահնազարյանը, չլինելով կուսակցական, ձեր ցուցակի 3-րդ համարն է, իսկ դուք, որ տարիների հավատարիմ կուսակցական եք, ավելի հետ եք՝ 6-րդ տեղում՝ Շարմազանովը պատասխանեց. «Այո, տրամաբանական է, որովհետեւ մենք կուսակցամոլությամբ չենք տառապում: Ես անձամբ շատ գոհ եմ, որ Շահնազարյան Դավիթը մեր ցուցակի 3-րդ համարն է: Նա 88-ից սկսած եղել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, մարդ է, որի համար Արցախի հարցի հայանպաստ լուծումը գերխնդիր է, շատ կարեւոր է Դավիթ Շահնազարյանի խոսքը հասցնել մեր հանրությանը»:
Մեր հարցին՝ ձեր ցուցակում վստա՞հ եք, որ բոլորը ազգային ավանդական արժեքների կրող են: Նա պատասխանեց, որ այո, վստահ է: Մենք նաեւ հարցրեցինք՝ ձեր ցուցակում ընդգրկված Մենուա Հարությունյանն ասել էր, որ ինքը ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողն է, հաշվի առնելով, որ ենթադրվում է՝ ՀՀԿ-ն հարվածներ է ստանալու, ձեր դարպասապահն ո՞վ է: Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հարվածներ կստանա այսօրվա իշխանությունը, որը 6 ամսվա ընթացքում ունեցել է բազմաթիվ բացթողումներ, ընդդիմությունն է հարցեր տալիս, ոչ թե ընդդիմությունն է հարցերին պատասխանում: Մենք պատրաստվում ենք լիքը հարցեր տանք ու կլսենք իշխանության պատասխանները»:
Նա ասաց. «Չգիտենք հարձակվող ենք, պաշտպան ենք, թե կիսապաշտպան, բայց պատրաստվում ենք պաշտպանել ազգային արժեքային համակարգը եւ վեր հանել այն բացասականը, այն ստերի, խաբեության շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը՝ մինչեւ իշխանության գալը:
Մեր հարցին՝ բացառո՞ւմ եք այն սցենարը, որ ոչ հարձակվող, ոչ էլ պաշտպան լինեք, բոլորդ պահեստային դառնաք՝ Շարմազանովը պատասխանեց. «Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն եւս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ