Ֆրանսիայի մշտապես կիրառվող և երկակի չափանիշների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել այդ երկրի հետ իր կապերը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցի հետ:
Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի գրավված տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմի ղեկավար ներկայացած» Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա հանդիսանում է «հերթական անարդյունք փորձը՝ ուղղված խամաճիկային այդ կառույցի միջազգային մակարդակով խրախուսմանը:
«Ֆրանսիան, որը պայմաններ է ստեղծել այդ այցի իրականացման համար և ընդունել է անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին, իր այդ քայլով ոչ միայն չի համապատասխանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ստեղծված երկկողմ համագործակցության հարաբերությունների ոգուն և ստորագրված համաձայնագրերին, այլև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային իրավունքի սկզբունքների և գերակա նորմերի և իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար Ֆրանսիայի կողմից պայմանների ստեղծումը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի, որը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցող բանակցություններում:
«Նշված հարցի շուրջ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով կհայտնի վճռական բողոք ֆրանսիական կողմին»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ