Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեժ իրավիճակ ԱԺ-ում՝ սատանաների, սեռական փոքրամասնությունների ու կաթողիկոսի շուրջ

Նոյեմբեր 16,2018 12:42

Այսօր խորհրդարանում բավականին թեժ էր ՀՀԿ պատգամավորների հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկությունը: Նախագծով առաջարկվում էր հատուկ պահպանություն տրամադրել նաեւ կաթողիկոսին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կոչ արեց քաղաքական դիրքորոշումները մի կողմ դնել ու աջակցել հայ առաքելական եկեղեցուն, որպես քրիստոնյա հայեր կողմ քվեարկել: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա վերկուսակցական նախագիծ է, մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ աղանդավորական խմբերը գլուխ են բարձրացրել:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը հորդորում էր քվեարկության պատկերը վերականգնել լուսատախտակի վրա, որ իմանան, թե այդ ո՞ր հայն է, որ հայ մարդու սրբազան պարտքը չի կատարել, ովքե՞ր են նրանք, որ մեր արժեհամակարգի դեմ գործողություններ են կատարում:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ անհրաժեշտություն չկա հատուկ պահպանություն տրամադրել կաթողիկոսին, եթե նա դրա անհրաժեշտությունը կունենա, վարչապետի որոշմամբ կտրամադրվի:

Շարմազանովը չհամաձայնեց, ասաց, որ հայ առաքելական եկեղեցին բացառիկ իրավունք ունի, ամրագրված է դա Սահմանադրությամբ ու պետք է բացառիկ իրավունք տալ նաեւ վեհափառ հայրապետին. «Սահմանադրությունը կառավարության ցանկություններից վեր է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ եկեղեցին կարիք ունի պաշտպանության. «Այսօր դնել վեհափառին մի վիճակի մեջ, որ ինքը պետք է խնդրի, որ իրեն պաշտպանենք, չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է: Սրանով մեր վերաբերմունքն ենք հայտնում մեր սրբազան եկեղեցուն: Հորդորում եմ իսկապես վեր կանգնել այս ամեն ինչից, սա մեր հոգեւոր անվտանգության եւ հոգեւոր արժեքների հարցն է»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ բարձր են գնահատում անվտանգության հարցը, բայց գտնում են, որ այսօրվա գործող օրենքով էլ հնարավոր է կաթողիկոսի անվտանգությունը պահել, ուստի իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի:

Շարմազանովն ասաց. «Այսօր պատմական պահ է՝ որոշում կայացնելու: Կոչ եմ անում բոլորին մի մարդու նման կողմ քվեարկել: Սա ավելի է, քան քվեարկություն: Այս քվեարկությամբ որոշում ենք, թե ում ենք ծառայում, ծառայում ենք Աստծո՞ւն, թե՞ սատանային:, ծառայում ենք եկեղեցո՞ւն, թե՞ աղանդավորությանը: Այստեղ կուսակցական թեմաներ չկան, կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները: Վեհափառը կարիք ունի անվտանգության հատուկ միջոցների»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը արձագանքեց. «Վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը: Եթե վեհափառը չի կարում այսօր ժողովրդի մեջ շրջի, դա իրա պրոբլեմն է»:

Ալեն Սիմոնյանն էլ ասաց. «Մենք ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ժողովրդի՞ց: Եթե կան մարդիկ, որոնք ոտնձգություններ կարող են անել, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Վերածել սա, թե ով է ավելի քրիստոնյա, ով է Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ես դեմ եմ, մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն ասաց. «Այստեղ այնպիսի արտահայտություններ են անում, որ չխոսելը դառնում է վտանգավոր, էդ ի՞նչ է նշանակում վեհափառին պաշտպանեն համայն հայությունից: Էդ ո՞վ է համայն հայության անունից խոսում: Կամ մեր մեջ հոսում է հայի արյունը, կամ այդ արյան փոխարեն ուրիշ բան է հոսում: Չափ ու սահման պետք է ամեն ինչին լինի»: Ըստ նրա, որեւէ այլ բան ասելը սրբապղծություն է, պետք է կողմ քվեարկել:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ասաց. «Ուրեմն վարչապետին էլ եկեք չպաշտպանենք հայ ժողովրդից, թող չունենա անվտանգության համակարգ, ինչի՞ց է պաշտպանվում վարչապետը, հայ ժողովրդի՞ց»:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վրդովված էր. «Իրանք էլ շատ լավ գիտեն, որ մենք վեհափառին ժողովրդից չենք պաշտպանում, մենք վեհափառին պաշտպանում ենք սեռական, կրոնական փոքրամասնությունից, որոնք դրսից ֆինանսավորվում են ու պայքարում են հայկական պետականության ու հայ հավատքի դեմ»: Հակոբյանին սկսեցին ծափահարել:

Սամվել Նիկոյանն ասաց, որ անհրաժեշտություն կա վեհափառին սատանաներից ու սատանայապաշտներից պաշտպանելու, որոնք սնվում են դրսից ու նպատակ ունեն մեր ազգային արժեքները հարվածի տակ դնել. «Այսօր երեւում է յուրաքանչյուր քաղաքական ուժի արժեհամակարգը՝ ում վրա է հենված՝ սեռական փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների՞»:

Քվեարկությամբ նախագիծն ընդամենը 28 կողմ ստացավ:

Ափերից դուրս եկավ Շարմազանովը, նա հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է. «Հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք ծնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների, գոմիկների քարոզ ու որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը»: Շարմազանովն այնքան բարկացած էր, որ սա ասելուն պես դահլիճից դուրս եկավ, Բաբլոյանը հետեւից ձայն տվեց, ասաց, որ կարեւոր օրենքներ կան դեռ քվեարկելու, նա չվերադարձավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930