Ինչպես հայտնի է, առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: Ընդհանուր առմամբ՝ 9 կուսակցություն եւ կուսակցությունների 2 դաշինք, որոնք այլ փաստաթղթերի շարքում ԿԸՀ են ներկայացրել նաեւ իրենց համամասնական թեկնածուների ցուցակները:
Բայց երբ հետեւում ես հաջորդած արձագանքներին, այնպիսի տպավորություն ես ստանում, որ ոչ թե տասնմեկ կուսակցություն կամ կուսդաշինք է համամասնական ցուցակ հրապարակել, այլ միայն մեկ ուժ՝ ՀՀԿ-ն: Կամ լավ՝ մեկուկես: Նկատի ունենք, իհարկե, փաստացի իշխանություն կազմող «Իմ քայլի» թեկնածուացուցակն էլ, քանզի երբեմն-երբեմն այն էլ է արծարծվում ծավալված քննարկումներում եւ, կներեք արտահայտության համար, վիրտուալ խոսքուզրույցում:
Շատ-շատերը պարզապես սեւեռվել են ՀՀԿ թեկնածուների ցուցակի, առաջադրված թեկնածուների շարքում պատգամավոր Արտաշես Գեղամյանի կամ, ասենք, Մենուա Հարությունյանի, այլ անձանց առաջադրված լինելու վրա: Կարելի է կարծել, թե մյուս բոլոր ուժերի ցուցակներն ու թեկնածուները մի այլ կարգի անթերի ու կատարյալ են, որ էլ ասելու չէ:
Այն, որ, օրինակ, մինչեւ ոչ այնքան վերջերս ՀՀԿ թիմի կազմում գտնվող, ավելին՝ ՀՀԿ թիմում գտնվելու շնորհիվ խորհրդարան անցած ու պատգամավորական ներկայացվածություն ունեցող որոշակի անձինք, ինչպես, ասենք, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը ներկայացված են Փաշինյանի «Իմ քայլի» համամասնական ցուցակում, դա՝ ոչի՜նչ: Դա, ընդհանրապես արծարծման էլ արժանի չէ:
Բայց եթե, ասենք, քաղաքական մի ճամբարից մյուսը չանցած, իր դիրքորոշումը չփոխած այս կամ այն կոնկրետ գործիչը էլի առաջադրվել է ՀՀԿ ցուցակով, այ, դա արդեն աններելի է։
Ի դեպ, այն, որ գրեթե մեկ տասնյակի չափ կուսակցություններ, կարելի է ասել, հայտնվեցին «արհեստական խաղից դուրս» վիճակում, առավելապես՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ավելի ճիշտ՝ արտահերթ ընտրությունների ընթացքը արագացնելու հետեւանքով, դա էլ՝ ոչի՜նչ: Ի՞նչ մի արտառոց բան կա, որ մոտ տասնյակի չափ կուսակցություններ չեն էլ մասնակցի արտահերթ ընտրություններին:
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում