«Բոլորն անգլերեն գիտեն՝ գիրքը կկարդան»,- կատակում է Արտավազդ Փելեշյանը իր՝ «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսին: Ռուսերեն տարբերակը լույս էր տեսել անցած տարի: Մեկ տարի անց պատրաստ է նաև անգլերենը:
Սկսվում է շնորհանդեսի արարողությունը:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը, չնայած մեծ ուրախությանը, ասում է՝ կարճ կխոսի: Նշում է. «Արտավազդ Փելեշյանը, երկու ոտքով կանգնած լինելով հողի վրա, միևնույն ժամանակ տիեզերական բարձունքից երկրագնդին նայելու անհավանական ունակություն ունի: Դա ապացուցում է, որ վարպետը իր միտքը զարգացրել է «վտանգավոր» աստիճանի»:
Ամիրյանը շեշտում է՝ ոչ ոք, անգամ ապագայի գիտնականները, չեն կարող գնահատական տալ այս աշխատությանը: Եվ պատմում է նաև Փելեշյանի՝ մտքի կառավարման հնարներից. «Արտավազդ Փելեշյանը կարողանում է, միտքը կառավարելով, ընթերցողին ուղղորդել դեպի անիրական, անշոշափելի հարթություններ: Շնորհավորում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենք փելեշյանական մտքի հսկայական տիեզերանավով ճամփորդել այնտեղ, որտեղից կարելի է դիտել աշխարհը՝ փելեշյանական դիտակետից»:
«Բարի երեկո, վարպե՛տ, Աիդա՛, բարի երեկո»,- Փելեշյանին և իր կնոջը ողջույնով է սկսում իր խոսքը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Փելեշյանի հետ երկար ճանապարհ են անցել, ընկերներ են՝ դեռ 60-ականներից: Ասում է՝ այդ տարիներին նրանց միավորում էր ընդհանուր տեսիլքը:
Մանսուրյանը պատմում է Փելեշյանի «Սկիզբը» ֆիլմի հաջողության մասին և ասում՝ եզակի արվեստագետների է տրված ունենալ այդպիսի սկիզբ:
Հետո «Կյանք» ֆիլմն է հիշում, որտեղ երեխայի՝ նոր Հայաստանի ծնունդն է պատկերում Փելեշյանը. «Հարցրի՝ ինչ լավ տիկին էր, այդ մե՞կ ծնունդն ես նկարել, իսկ նա զարմացած նայեց ինձ և ասաց՝ 60-ից ավել ծնունդ եմ նկարել»:
Մանսուրյանն ասում է՝ Փելեշյանը և՛ մերն է, և՛ վաղուց մերը չէ, կինոաշխարհի սեփականությունն է: Նա էլ է խոսում կինոռեժիսորի՝ բարձր կետից հայացքի մասին:
«Եթե մեկ բառով ասեմ, սա հանճարն է»,- ասում է Մանսուրյանը և ավարտում՝ Չարենցից մի քառատող նվիրելով Փելեշյանին.
«Ամեն պոետ՝ գալիս՝ իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած — որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում»:
«Հողը հասակակից է փնտրում, տիեզերքը՝ զրուցակից: Երբ Փելեշյանի կինոն ես նայում, հասկանում ես, որ ինքը հողի հասակակիցն է, իր մեջ կա այդ հողի դարավոր խորհուրդը, տեսնում ես, որ իր մտածողությունը, հայացքը գործ ունի անսահմանությունների հետ»,-
ՀՀ վաստակավոր գործիչ, կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանն էլ գալիս է խոսելու փելեշյանական բառի և պատկերի համադրման, համատեղման մասին:
Ապա ընդգծում է Փելեշյանի ստեղծագործական «սահմանները». «Հավանաբար հայոց լեզուն միակն է, որ ինչ-որ նախագիտակցությամբ հասկացել է՝ տիեզերքն էլ ունի սահման, որովհետև ունենք «տիեզերք» բառը՝ «կոսմոսի» փոխարեն: Ուրեմն կա ինչ-որ անսահմանության սահման: Եվ Փելեշյանը ստեղծագործում է այդ անսահմանության սահմանին»:
Դավիթ Մուրադյանը պատմում է՝ Փելեշյանի արվեստը, ֆիլմերը դիտում ու արժևորում էին, բայց լավ չէին հասկանում, պատկերացնում. «Մենք դեռ չէինք հասել դրան, ինքը հասել, տեսել էր»:
Խոսքի վերջում դիմում է Փելեշյանին. «Շատ կարևոր գոյություն ես մեր հայկական իրականության մեջ, երբ օրացույցը մեզ կերել է, ըստ օրացույցի ենք ապրում՝ կինոն էլ է էդպես դարձել, գրականությունն էլ: Մեզ թվում է՝ եթե օրացույցի թերթիկի վրա, թերթիկի հետ գրենք, կդառնանք ժամանակակից:
Չէ, թերթիկի հետ էլ կանցնենք… Հրաշալի գոյություն ես, որովհետև դու հարացույց ես»:
Փելեշյանը մակագրում է գրքերի օրինակները, ընթերցողների հերթ է գոյացել: Կողքից, սեղանին հենված, գոհ ժպիտով նրան է դիտում կինը՝ տիկին Աիդան:
Վիկտորյա Մարկոսյան