Նոր Հայաստանի թիվ մեկ աներձագը՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ով այս պահին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր է, այս ընտրություններին կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները։ Եվ կառաջադրվի, բնականաբար, «Իմ քայլը» դաշինքի կողմից։ Նույն դաշինքի կողմից նույն ընտրատարածքում Հակոբյանին՝ որպես ներքին մրցակից, առաջադրվել են նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Բայց Հակոբյանն իր շանսերը բավականին բարձր է գնահատում թե՛ ներքին ցուցակում, թե՛ արտաքին մրցակիցների հետ պայքարում։
«Պատրաստվում եմ շատ բովանդակալից, լավ, ուժեղ քարոզարշավ անեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը։
-Ձեզ համար ուժեղ ընդդիմություն ո՞ր ուժը կլինի։ ՀՀԿ-ն կարծես արդեն այդ տեղը «բրոնյա» է արել, որ իրենք են լինելու միակ եւ ուժեղ ընդդիմությունը։
-Բազմիցս իմ հարցազրույցներում ասել եմ, որ ՀՀԿ-ն կլիներ ուժեղ ընդդիմություն, բայց ոչ երբեք ՀՀԿ անվան տակ։ Էնտեղ կան մարդիկ, ովքեր կլինեին մեզ համար ուժեղ ընդդիմություն, բայց ոչ երբեք էդ անվան տակ։ Մեր հանրությունը, համենայնդեպս, էդքան կարճ հիշողություն չունի, հա՞, որ շատ արագ հիմա մոռանա ՀՀԿ-ին եւ գնա քվեարկի ՀՀԿ-ի օգտին։ Եվ, գիտե՞ք, մարդիկ չեն գնում ընտրության, որ ինչ-որ մի ուժի ընտրեն որպես ընդդիմություն։
-Բայց ի՞նչ տարբերություն՝ Հանրապետակա՞ն է եղել անունը, թե՞ այլ բան։ ՕԵԿ-ն էլ ռեբրենդինգ եղավ, անունը փոխեց, դարձավ «Հայկական վերածնունդ», բայց դա նրան չփրկեց, մարդիկ էլի այդ ուժը որպես ՕԵԿ էին հիշում։
-Չփրկեց, որովհետեւ մարդիկ էլ չփոխվեցին։ Ես նշեցի՝ կան պատգամավորներ, ովքեր կարող էին լինել ընդդիմություն, բայց այդ պատգամավորները կարող էին լինել ընդդիմություն, եթե նրանք չլինեին ՀՀԿ-ի անվան տակ եւ իրենց շրջապատում չունենային նախկին ՀՀԿ անդամներին։
-Դուք ուզում եք քաղաքական դաշտից իսպառ վերացնե՞լ «ՀՀԿ» անունը եւ ՀՀԿ-ն առհասարակ՝ որպես կուսակցություն։
-Ես կուզեի, որ ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ, այո, առանձնանային ՀՀԿ-ից, ստեղծեին նոր կուսակցություն։
-Ովքե՞ր կոնկրետ, անուններ կասե՞ք, թե ում են այդպես դրական գնահատում ձերոնք։
-Մերոնք չէ, սա իմ կարծիքն է։ Անուններ չնշեմ։ Բայց խոսքը թե՛ գործող պատգամավորների, թե՛ արտախորհրդարանական ՀՀԿ-ականների մասին է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում