Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտ եւ սաբոտաժ՝ ԱԺ-ում. «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր ծափ կտաք իմ գալուն»

Նոյեմբեր 16,2018 11:23

Այսօր ԱԺ նիստի մեկնարկը չափազանց հետաքրքիր էր: Նիստի սկզբում գրանցվել էր 47 պատգամավոր, քվորում չկար: Պատգամավորները սպասեցին այնքան, մինչեւ անհրաժեշտ 53 պատգամավոր գրանցվի, սակայն այս դեպքում էլ այնպես ստացվեց, որ գրանցված պատգամավորների մի մասը կոճակը սեղմելուց հետո գնացին, չեկան: Արա Բաբլոյանը հորդորեց զանգել, կանչել: Օրինակ, ՀՀԿ-ից գրանցվել ու գնացել էր Կարեն Ավագյանը:

Միառժամանակ սպասելուց հետո որոշեցին խորհրդակցություն անցկացնել նիստերի դահլիճում՝ քննարկելու, թե կառավարության՝ նոյեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստից հետո նոր արտահերթ հրավիրեն, քվորում կունենա՞ն: Հիշեցնենք, որ ամսի 21-ին քվեարկության է դրվելու պետբյուջեի նախագիծը: Բաբլոյանը կասկածում էր, որ այդ նիստից հետո նոր արտահերթին քվորում կապահովեն:

Ուշագրավ է, որ երբ նիստերի դահլիճում խորհրդարանականները «պատգամավորի կարոտ» նստած սպասում էին, ներս մտավ Գալուստ Սահակյանը: Դահլիճում խորը շունչ քաշեցին: Արա Բաբլոյանն արձագանքեց. «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր ծափ կտաք իմ գալուն»: Վերջապես անհրաժեշտ թվով ձայներ եղան՝ քվեարկություններն անցկացնելու համար, սակայն երեկ քննարկված մի շարք նախագծեր տապալվեցին, որոշ պատգամավորներ, չնայած եկել էին, որոշեցին չմասնակցել քվեարկությանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագիծը «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, որը երեկ բոլոր խմբակցությունները միայն գովում էին, այսօր դրվեց քվեարկության ու չանցավ, մեկ ձայն պակասեց: Միքայել Մելքումյանը հորդորեց վերաքվեարկություն անել՝ կարեւոր օրենքը անցկացնելու: Բաբլոյանն ասաց, որ կարող է սկզբունքորեն մեկը չի քվեարկել. «Ես չեմ կարող ճնշել»:

Եթե նախորդ նախագծերին չէր քվեարկում Գալուստ Սահակյանը, այս նախագծի քվեարկությունից առաջ Հրաչյա Հակոբյանը հատուկ խնդրեց նրան. «Գալուստ Գրիգորիչ ջան, շատ եմ խնդրում, քվեարկեք, որ անցնի, սրա արդյունքում չենք ունենա տոտալիզատորների, վիվարոների գովազդ»: Գալուստ Սահակյանը քվեարկեց, բայց միեւնույն է, ձայները պակասեցին:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Էդմոն Մարուքյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծին, որով կալանքի 1 օրը հաշվարկվելու է 1,5 օր, կողմ քվեարկել: Նա դիմեց մարդկանց, որոնք «հումորի համար նստել են դահլիճում ու չեն քվեարկում», ասաց, որ սրանով փոխհատուցում են, մարդկային վերաբերմունք են ցույց տալիս կալանավորներին: Սակայն Նաիրա Զոհրաբյանի հորդորը չլսեցին:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց հարգել ուրիշների քվեարկելու իրավունքը, ասաց, որ միշտ չէ, որ մյուսների քվեարկությունն իր սրտով է: Մելքումյանը պատասխանեց, որ հարգում են ուրիշների քվեարկելու իրավունքը, բայց երբ քաղաքական սաբոտաժի տարրեր են տեսնում, հորդորում են դա չանել: Այնուամենայնիվ, նա ասաց, որ ինքը կողմ է այդ նախագծին: Սակայն այս նախագիծը նույնպես չընդունվեց, ընդամենը 48 կողմ ձայն էր, ՔՊ անդամները կողմ չքվեարկեցին, որովհետեւ կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել:

ՀՀԿ-ականների հեղինակած նախագիծը, որով առաջարկում էին չթույլատրել հավաքներ անցկացնել եկեղեցու տարածքում նույնպես մերժվեց:

Մանրամասները՝ շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930