Ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ն քննադատեց, բայց կողմ քվեարկեց 2019-ի պետբյուջեի նախագծին։ Այլ կերպ ասած, նախկին իշխանությունը ընդգծված ընդդիմություն լինելով հանդերձ, թույլ չտվեց, որ երկիրը տնտեսական ցնցումների ենթարկվի։ Եվ այսպես, հաջորդ տարվա գլխավոր փաստաթուղթը հաստատված է։ Նկատենք, որ պետբյուջեի քննարկման ողջ ընթացքում գլխավոր թեման տնտեսության 30 % ստվերայնության փաստն էր։ Ինչ խոսք, թաքնված եկամուտները ստվերից դուրս բերելը կարելի է համարել այս կառավարության գերխնդիրներից մեկը, սրա հետ մեկտեղ պետք է նկատենք, որ 2019-ի պետբյուջեով վարչարարությունից հավաքագրվող մուտքերը նախատեսված են 4,5 %։ Միևնույն ժամանակ, չնայած տնտեսության ստվերայնության բարձր ցուցանիշին, Հայաստանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կազմում է 22 %, Վրաստանում այն 26 % է, այսինքն նույնքան, որքան ԱՄՆ-ում։ Այս ամենը մի տեսակ իրարամերժ է. ինչու 30 % ստվերի դեպքում վարչարարությունից ստացված մուտքերն ընդամենը 4,5 % են նախատեսված։ Այս հարցով սկսեցինք պետբյուջեի շուրջ զրույցը ԱԺ «Ելք» խմբակցության անդամ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
–Իսկ ինչու՞ 2019-ի պետբյուջեի նախագծով ներդրումները և տնտեսության զարգացմանը նպաստող մի շարք ցուցանիշներ նվազեցված են 2017 և 2018-ի համեմատ։ Սա միտումնավո՞ր է արված, քաղաքական տեսանկյունից ելնելով, այսինքն, ցածր թվեր ներկայացնել հետո ավելի մեծ հաջողություններ արձանագրելու համար։
-Պատահական չէ, որ վարչապետը 2019-ի պետբյուջեի նախագիծն անվանեց իներցիոն` նախկին իշխանության կողմից հաստատված ծրագրերը, տենդենցները պետք է զարգացում ունենան։ Մյուս կողմից մենք կդժվարանանք առաջին տարում այնպիսի ներդրումներ ապահովել, որ թռիչքային արդյունքներ արձանագրենք։ Իհարկե, ավելի նպատակահարմար է խոստումները կատարել, քան մեծ խոստումներ տալ, բայց քիչն անել։
–Պարոն Աղազարյան, երբ ուզում էի հասկանալ, թե «Ելքից» ում հետ կարող եմ խոսել, որ տնտեսական լավ վերլուծություն անի, իմ գործընկերները Ձեր անունը տվեցին։ Հիմա որպես տնտեսությունը լավ իմացողի, ուզում եմ կանխատեսեք` ժողովուրդն իր վրա ե՞րբ կզգա նոր իշխանության իրականացրած քաղաքականության դրական փոփոխությունները։
-Երեք տարի հետո։ Անհնար է երեք տարուց շուտ ակնկալել խորքային դրական փոփոխություններ, քանի որ դրանք պայմանավորված են մի շարք և բազմաթիվ հանգամանքներով։ Մասնավորապես, առաջին հերթին կարևոր է դատական համակարգը, որտեղ միանգամից և կտրուկ փոփոխություններ հնարավոր չէ անել։ Գաղտնիք չէ, որ բազմաթիվ են տնտեսական վեճերը, որոնք անընդհատ տեղի են ունենում. դատարաններում է, որ այս վեճերին լուծում է տրվում։ Դատական համակարգի փոփոխությունն առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ վստահ լինեն իրենց կողմից կատարվող ներդրումների, տնտեսական գործունեության ապահովության մեջ։ Իհարկե, երբ ասում եմ` երեք տարի հետո մարդիկ, մեծ հաշվով, կզգան դրական փոփոխությունը, դա չի նշանակում, որ այդ փոփոխությունները մինչ այդ ընդհանրապես նկատելի չեն լինի։ Կարծում եմ` հաջորդ տարի որոշակի փոփոխություններ մարդիկ կնկատեն։
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
երեք տարիէն, չորս հատ յեղափոխութիւն եւս տեղի ունեցած կ’ըլլայ Հայաստանի մէջ