Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Հովհաննիսյան. «Ես ամենևին մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով». «Փաստ»

Նոյեմբեր 16,2018 10:39

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ ևս ընդունել են ԱԺ ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկները: Որոշ ներկայացուցիչներ նաև մերժել են այդ առաջարկները՝ հավատարիմ մնալով անկախ և չեզոք լինելու գաղափարին: Մեծ հաշվով՝ հարցը ոչ թե նրանց առաջադրվել կամ չառաջադրվելն է, այլ փոքր-ինչ այլ է: Ի դեպ՝ դեռ ամիսներ առաջ կային մտահոգություններ, թե այս փուլում, առհասարակ, քաղհասարակության դաշտը որոշ առումով կարող է դատարկ մնալու վտանգի առաջ կանգնել:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը չի կիսում այդ մտահոգությունները:

«Իրականում բնական երևույթ է, երբ մարդը քաղաքացիական հասարակության մեջ կարող է ունենալ իր դերակատարությունը և գնալ դեպի քաղաքական դաշտ: Դա ամբողջովին տեղավորվում է իր ցանկության և իր քաղաքական ազատությունների շրջանակում, մանավանդ՝ հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ կուսակցությունների կապիտալը հավասարվեց գրեթե զրոյի, և նոր գործիչների կարիք է զգացվում: Եվ քաղաքացիական հասարակությունը հանդիսացավ այն դարբնոցը, որը քաղաքականությանը տվեց նոր տեսակի գործիչներ: Ես ամենևին մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով, որովհետև այն հիմնական առանցքի՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և այդ բոլոր սկզբունքների պաշտպանության տեսանկյունից մենք ունենք կայուն, ինստիտուցիոնալ համակարգ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Զառա Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ քաղհասարակությունը հասարակության այն մասն է, որը կայացել է ինստիտուցիոնալ տեսանկյունից:

«Ես ամենևին խնդիր չեմ տեսնում և շատ լավ է, որ չկա այդ խնդիրը, որովհետև հենց ամբողջական դաշտը դիտարկելու տեսանկունից պետք է հասկանալ, թե որքանո՞վ են կայացած ինստիտուցիոնալ կառույցները: Եվ հարցը չպետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե մարդը գնում է, ուրեմն, այդ համակարգում նորից ու նորից աշխատելու հնարավորություններ չկան: Քաղաքացիական հասարակությունն այսօր բավականին կայացած է և մարդկանց տեղափոխվելը կուսակցություններ, քաղաքական ասպարեզ, ամենևին չի վնասելու սկզբունքներին և իրավունքների պաշտպանությանը»,–նկատեց մեր զրուցակիցը:

Զառա Հովհաննիսյանն ընդգծեց, որ անկախ նաև քաղաքական ղեկավարության փոփոխությունից՝ քաղհասարակության աշխատանքը մշտական գործընթաց է ենթադրում. «Անկախ այդ ամենից՝ արժեքների պաշտպանությունը մշտական պայքարի ոլորտ է: Եթե տեղի է ունենում քաղաքական փոփոխություն, ապա ամենևին տեղի չի ունենում որևէ փոփոխություն քաղաքացիական հասարակության շրջանում: Մենք շարունակում ենք խնդիրների ամենօրյա մշտադիտարկման գործընթացը: Միգուցե մի իշխանությունն ավելի զգայուն լինի այդ խնդիրների նկատմամբ, մեկ այլ իշխանություն՝ պակաս զգայուն, բայց խնդիրները կան, և դրանց շրջանակներում պաշտպանության շարունակականությունը մենք չենք դիտարկում այդ փոփոխություններում: Իսկ խնդիրներն անփոփոխ են. մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, խոցելի խմբերի պաշտպանություն: Մեծ հաշվով՝ ցանկացած հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես մնում է կարևորագույն հարցերից մեկը»:

Իրավապաշտպանը չի կարծում, թե երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո հ/կ–ները ևս ադապտացվելու, ինչպես նաև գործունեության նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն ունեն:

«Եթե մարդիկ պաշտպանում են արժեքը, մարդու իրավունքը, ապա ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, որ ժամանակ պետք է  լ ինի վերապրոֆիլավորվելու, վերագիտակցելու և այլնի համար: Կուսակցություններն են, որ պետք է վերաարժեվորեն, վերագիտակցեն: Մենք միշտ զբաղվել ենք նույն գործով և շարունակելու ենք զբաղվել: Թող մտածեն կուսակցությունները՝ ինչպես են դրսևորվում, վարվում այս կամ այն կուսակցության՝ իշխանություն լինելու պարագայում: Մեր առաքելությունը արժեքների պաշտպանությունն է, և մենք մշտապես մեր դիրքերում ենք գտնվել: Ես չեմ տեսնում մի այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ քաղհասարակությունը պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը, մոտեցումները, ներքին կանոնակարգերը, մեխանիզմները: Քաղհասարակությունը ուժեղ է նրանով, որ միշտ առաջնորդվում է արժեքներով և այդ արժեքների պրիզմայով»,–ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ հենց դա է այն տարբերությունը, ըստ որի՝ քաղհասարակությունը միշտ կայուն է:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930