Ընտրություններ-2018-ը մտավ գործնական փուլ` ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն ու 2 դաշինք: ՔՊ-ի վրա կարված «Իմ քայլից» բացի դաշինք կազմելու սխրանքին միայն «Մենքն» է խիզախել` չվախենալով 7 տոկոսից: Դա արդեն հարգանքի արժանի որոշում է մի ընտրություններում, որի արդյունքները ոչ ոք չի կարող կանխատեսել, որտեղ ամեն մի ձայնը կարող է ընտրությունների արդյունք փոխել: Այս ընտրություններին տրվող տարատեսակ գնահատականները մի կետում միասնական են` ՔՊ-ն կլինի առաջինը: Զարմանալի է, բայց համարյա բոլորը, բացի 5 րոպե առաջ ստեղծված կուսակցություններից հայտարարում են, որ հավակնում են երկրորդը լինել:
Նույնիսկ ՀՀԿ-ն: Ռեինկարնացիայի փոխարեն ՀՀԿ-ն հայտարարում է իր ռեբրենդինգի մասին ու նույնիսկ այդ ռեբրենդինգը պատկերացնում է անվերջ գործընթաց: Տեսականորեն այդպես է, բայց կոնկրետ այս ընտրություններից առաջ անվերջ գործընթացի առաջին փուլը ֆանտաստիկ անհաջող էր` դատելով ՀՀԿ-ի առաջին տասնյակից, նաև` երկրորդ-երրորդ, չորրորդ, ու` այդպես մինչև վերջ: Բուռն քննարկման թեմա դարձավ Դավիթ Շահնազարյանի հայտնությունը ՀՀԿ-ի ընտրացուցակում: Անակնալ էր, բայց ոչ այն անակնկալը, որ ՀՀԿ-ին հաջողություն կբերի` «լեգիոներ» Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի խաղը չի փրկի, երբ թիմը կորցրել է հանդիսատեսին, ընդամենը մի թեթև կսևացնի Դավիթ Շահնազարյանի պայծառ կերպարը: Իր պատմական նիստից հետո ՀՀԿ-ն ապացուցեց, որ գերանշնորհակալ կուսակցություն է իր անդամների առաջ: Ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ի Կանանց խորհուրդը ապահովել էր ընտրություններում ՀՀԿ-ի առատ ձայները` ընտրագործընթացի մեջ ներքաշելով դպրոցների տնօրեններին, ուսուցչուհիներին, բժշկուհիներին, գործարար, արվեստագետ կանանց ու ՀՀԿ-ի շարքային անդամ կանանց: Պահպանողական կուսակցության տղամարդիկ նորից «գցեցին» կանանց ու գործնականում ՀՀԿ-ի կանանց խորհրդին ու երիտասարդական թևին համարեցին հաջողության ճանապարհի խոչընդոտ` փոխելով ղեկավարներին, իրականում առանց այդ էլ կազմաքանդվող կուսակցության համար ստեղծելով նոր արտահոսքի բնական պատճառ: Հիմա Կարինե Աճեմյանը «ավերակաց» ո՞նց թագավորի:
ՀՀԿ-ն գերանշնորհակալ կուսակցություն է իր ոչ միայն կանանց ու երիտասարդների, այլև տղամարդկանց առաջ: Օրինակ` ի՞նչ գործ ունեն իրենց կուսակցություններն ունեցող Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ-ի ցուցակում, որտեղ ՀՀԿ-ի հիմնադիր կազմը չկա, ի՞նչ օգուտ են տալիս նրանք ՀՀԿ-ին, որ անփոխարինելի են դարձել: Քաղաքական էլիտայի փոփոխության ՀՀԿ-ն չգնաց: Դավիթ Շահնազարյանին վստահելով 2017-ի ընտրություններում Կարեն Կարապետյանի խաղացած լուսավոր կերպարի դերը, ՀՀԿ-ն առաջին տասնյակում ընդգրկեց նախկին երիտասարդների, որոնց անունները բավական են ոչ մի ձայն չստանալու համար: Այս թիմով ու այդ նախագահով ռեբրենդինգը նույնիսկ մինչև դարավերջ հաջողություն չի բերի` հատկապես սեփական սխալների մեղավորներին ուրիշների մեջ որոնելու հաստատակամությամբ ԲՀԿ-ն ևս փաստացի խաբեց` ու՞ր մնացին գովազդված նոր դեմքերն ու սկզբունքային փոփոխությունները: Գագիկ Ծառուկյանը չցանկացավ նույնիսկ ռիսկի դիմել ու դաշինք կազմել որևէ կուսակցության հետ, ռիսկի չդիմեց երիտասարդներին վստահելու մեջ: Եթե ԲՀԿ-ի բախտը բերի ու մտնի խորհրդարան, ևս մեկ հնգամյակ լսելու ենք նույն ինքնագովասանքն ու պոպուլիստական պաթետիկան, բազում առիթներ ենք ունենալու ականատես լինել` ինչպես են պատգամավորները իրենց խոսքն ԱԺ ամբիոնից ուղղում ու հաշվետվություններ տալիս Գագիկ Ծառուկյանին, որ կլոր տարին ԱԺ չի գալիս կամ գալիս է մարզահագուստով ու խմբակցությունից դուրս չի գալիս: Առանց ՀՀԿ-ի ԲՀԿ-ն կորցրել է բովանդակությունն ու առաքելությունը, հայտնի չէ` թե Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն են պետք քաղաքական մի ուժի ծառայությունները, որ այդպես էլ չունեցավ իր քաղաքական դիրքորոշումը և գործունեությունը կառուցեց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների ու շեյխերի փողերով 15 կետերից ծրագրերի վրա, որ չեն կատարվում, որովհետև ԲՀԿ-ն մեծամասնություն չի ստանում, շեյխերն էլ փոքրամասնությանը փող չեն տալիս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում