Աշխատանքս ինձ երջանիկ հնարավորություն է տալիս շփվելու տարբեր տեսակի, տարբեր հայացքների եւ մասնագիտությունների մարդկանց հետ: Նրանցից ամենականխատեսելիների շարքում են քաղաքական գործիչները: Գրեթե միշտ վաղօրոք հայտնի է, թե ինչ են նրանք խոսելու, որ հարցին ինչպես են պատասխանելու: Մանավանդ հիմա, ընտրություններից առաջ պարզ է, որ նրանք բացատրելու են, թե ինչպես է մեր հայրենիքը ծաղկել (կամ ծաղկելու) իրենց շնորհիվ եւ ինչպես է կործանվել (կամ կործանվելու) ընդդիմախոսների պատճառով: Մարդկային բացահայտումներն ավելի հավանական են այլ մասնագիտությունների զրուցակիցների հետ խոսելու ժամանակ: Այդպիսի բացահայտում էր ինձ համար անվանի ֆուտբոլիստ, «Արարատ-73» թիմի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն:
Երկու օր առաջ նա իմ հյուրն էր «Շանթի» «Հեռանկար» հաղորդաշարում: Չգիտեմ՝ ինչպես հեռուստադիտողները, բայց ես մեծ դրական լիցքեր ստացա իմ այդ զրուցակցից: Պատճառն այն է, որ այդ պարզ, անմիջական մարդը մարմնավորում է ինձ համար ամենակարեւոր արժանիքները: Որոնք են դրանք:
Առաջինն աշխատասիրությունն է. «Մենք Հովիկի (Հովհաննես Զանազանյանի) հետ մնում էինք պարապմունքներից հետո եւ աշխատում էինք հեռահար հարվածների վրա, մինչեւ որ մարզադաշտի աշխատողները մեզ խնդրում էին ավարտել, որ լույսերը հանգցնեն ու տուն գնան»: Եվ դա այն պարագայում, երբ գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը օրական երկու մարզում էր անցկացնում:
Երկրորդը բարյացակամությունն է. Բոնդարենկոն բոլորի համար ջերմ խոսքեր է գտել՝ իր ընտանիքին օգնող հարեւաններից մինչեւ խաղընկերներ եւ մարզիչներ, հարազատներից մինչեւ հայ ժողովուրդ:
Եվ երրորդ՝ իմ կարծիքով, ամենահրաշալի հատկությունն է համեստությունը. «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների մասին նա խոսում է անկեղծ հիացմունքով՝ անընդհատ շեշտելով իրենց առավելությունները եւ իր՝ օգնողի, օժանդակողի դերը: Մենք շատ բան ունենք սովորելու նման մարդկանցից:
Ի հակադրություն նշված երեք արժանիքների՝ կա մարդկային մի արատ, որը 7 մահացու մեղքերի մեջ նշվում է առաջինը: Հայերեն այն անվանում են «հպարտություն» (բայց խոսքն ավելի շուտ մեծամտության մասին է), ռուսերեն հնչում է որպես гордыня, լատիներեն՝ superbia: Ինչո՞ւ էին քրիստոնյա ուսմունքի «հայրերը» այդ մեղքն առաջինը դնում ցուցակում: Հավանաբար, հետեւյալ պատճառով. երբ մարդն իրեն պատկերացնում է տիեզերքի կենտրոն ու համոզված է, որ ամեն ինչ պետք է լինի ըստ իր ցանկության, նա ընդունակ չէ ընկալել ու հարգել մնացածների ցանկությունները: Իսկ այդ պարագայում նա կարող է ցավ պատճառել շրջապատին, վնաս հասցնել հասարակությանը:
Ուզում էի այսօր ընտրությունների մասին չգրել՝ չստացվեց:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ