Այս լուսանկարն արվել է աշխարհի լավագույն թանգարաններց մեկում՝ Էրմիտաժում, որի տարբեր սրահներում պարբերաբար հանդիպում էինք դպրոցահասակ երեխաների: Նկարում պատկերված երեխաները աուտիզմ ունեցող փոքրիկներ են, նրանք կլանված լսում են, թե ինչ է իրենց պատմում մանկավարժ-էքսկուրսավարը: Էրմիտաժով շրջելիս քանիցս հանդիպեցինք դպրոցականների խմբերի, որոնց ուսուցիչները դասեր էին անցկացնում պատկերասրահի հարկի ներքո, իսկ երեխաները պրակտիկ առաջադրանքներ էին կատարում արվեստի թեմայով; Տարրական դպրոցի աշակերտների էլ տեսանք՝ ուսուցիչների հետ, նրանց բարձր արվեստին հաղորդակից էին դարձնում ավելի մատչելի լեզվով:
Երեխաները հատակին նստած նկարում էին, փորձում յուրովի «վերարտադրել» գլուխգործոցները կամ հեռախոսով ինչ-որ հանձնարարություն կատարում: Արվեստի եւ համաշխարհային մշակույթի բացառիկ գանձերը, Քարե դարից մինչեւ մեր օրերին վերաբերող ցուցանմուշները դիտելու էին եկել անգամ մանկասայլակներով ծնողներ, որովհետեւ միշտ չէ, որ բախտ է վիճակվում այցելել Էրմիտաժ:
Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
15.11.2018