Կոտայքի մարզի թիվ 10 ընտատարածքում ռեյտինգային ընտրակարգում բավական հետաքրքիր եւ թեժ մրցապայքար է սպասվում: Այստեղ դեկտեմբերի 9-ի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգում անձնական ուժի ցուցադրում կլինի «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ ԲՀԿ ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանի միջեւ: Դավիթ Մանուկյանը, հիշեցնենք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է եւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնից հեռացած՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին: Անդրանիկ Մանուկյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Թեեւ ԲՀԿ-ից հնչեցին եւ շարունակում են հնչել հայտարարություններ, որ իրենք սատարում են թավշյա հեղափոխությանը, բայց գալիք ընտրություններում մրցակցությունն անողոք է լինելու: Այս իմաստով բավական հետաքրքիր են նախորդ ընտրությունների արդյունքները: Օրինակ՝ 2017-ի ընտրություններում Կոտայքի մարզում «Ելք»-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սասուն Միքայելյանը հավաքել էր 6652 ձայն, իսկ «Ծառուկյան» դաշինքից Դավիթ Մանուկյանը` 20 761 ձայն: Կպահպանվի՞ այս համամասնությունը, թե՞ հեղափոխական էյֆորիան «իր գործը» կանի` ամսի 10-ին կերեւա:
Անցած ընտրություններում Կոտայքի մարզում բավական պատկառելի հանդես եկավ նաեւ իշխող ՀՀԿ-ն` Սանամյան Սամվել` 12 հազար 6452, Հարությունյան Անդրանիկ` 11 հազար 324 եւ Հարությունյան Արամ` 10 հազար 808: Այս ընտրություններում ՀՀԿ-ն հանդես կգա «Միկմետալ» ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ խորհրդի անդամ Վահան Հարությունյանի մտերիմի` Չարենցավանի ավագանու անդամ Մնացական Պողոսյանի եւ Սամվել Սանամյանի սանիկի դեմքով:
Ի դեպ, դեկտեմբերի 9-ին «Իմ քայլի» կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախորդ ընտրություններում 924 քվե է ստացել:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
15.11.2018