Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական օպերատիվ կապն ու «ազատագրված հողերը»

Նոյեմբեր 16,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

Նախագահներին եւ պաշտպանության նախարարներին ուղիղ զանգ չի լինում

Անցյալ շաբաթ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ կողմերն արագ տեղեկացվում են եւ միջադեպերը հարթելու համար կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Թե քանի նման դեպք է եղել՝ նախարարը պատասխանել էր. «Բազմաթիվ անգամ: Հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Օպերատիվ կապը հեռախոսակապի միջոցով է իրականացվում: Նախագահներին եւ պաշտպանության նախարարներին ուղիղ զանգ չի լինում: Դա իրականացվում է պատասխանատու անձի միջոցով»: Aravot.am-ի հարցին` նախագահների վերջին պայմանավորվածությունից հետո սահմանային միջադեպերը նվազե՞լ են, Դավիթ Տոնոյանը պատասխանել էր. «Այո: Դուշանբեի պայմանավորվածությունից հետո սահմանային միջադեպերը նվազել են»:

Այսպես, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը փաստում է, որ օպերատիվ կապը կողմերի միջեւ պահպանվում է, եւ որ Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը բավականին նվազել է, եւ «մինչ այս պահը շատ կառուցողական են արձագանքել»:
Հայաստանում օպերատիվ կապի մասին տեղեկությունների հրապարակայնացման ֆոնին Ադրբեջանից անմիջապես որոշեցին հերքել տեղեկատվությունը՝ հիմնվելով իրենց իսկ կողմից տարածած կեղծ տեղեկության վրա: Ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություն տարածեց, թե իբր Դավիթ Տոնոյանն ասել է, թե օպերատիվ կապը գործում է Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ: Այնուհետեւ իրենց տարածած կեղծ տեղեկությունն էլ Բաքուն որոշեց հերքել, թե՝ «որեւէ կապ ու որեւէ այլ տիպի շփում չկա Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ»: Այնուհետեւ Ադրբեջանի ՊՆ-ից նույն հաղորդագրության մեջ հայտնեցին, որ համաձայն Դուշանբեի պայմանավորվածությունների՝ «պատասխանատու անձն է կապ պահպանում, որը Ադրբեջանի ՊՆ-ի աշխատակից չէ»:

Ինչեւէ, ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը օրերս նաեւ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի հրամկազմերի միջեւ եւս օպերատիվ կապ հաստատել: Հարցին՝ «երկու երկրների հրամանատարական կազմերի միջեւ ուղիղ կապ հաստատելու հարց քննարկվե՞լ է», նա պատասխանեց, որ հարցը բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջ: «Կարծում եմ՝ դա ռիսկերը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու հարցերում լուրջ միջոց կարող է հանդիսանալ: Ամեն դեպքում, մենք հարցը բարձրացրել ենք Մինսկի խմբի առաջ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել»

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Աղդամում ունեցած իր ելույթում ներկայացնելով Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում, սպառնալիքների հերթական տարափ տեղալով հայկական կողմի ուղղությամբ եւ իր երկրի «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին վերստին հիշեցնելով, նշել էր. «Այս տարի հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ հաջող գործողության արդյունքում ավելի քան տասը հազար հեկտար տարածք վերցրել ենք մեր վերահսկողության ներքո՝ ներառյալ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները: Այսօր մենք լիովին վերահսկում ենք ռազմավարական հաղորդակցությունը, ճանապարհները, այդ թվում՝ Հայաստանի ճանապարհները, որոնք Լեռնային Ղարաբաղ են տանում»:

Պաշտոնական Երեւանը, մինչդեռ, նշում է, որ Նախիջեւանի հետ հատվածում հայկական կողմը դիրքային բարելավում ունի: «Նախիջեւանի հետ հատվածում միջդիրքային տարածությունը կրճատված է՝ ոչ հայկական կողմի հաշվին, ավելին՝ այդ հատվածում հայկական կողմը դիրքային բարելավում ունի, եւ ոչ մեկ վայրում»,- լրագրողների հետ հանդիպմանն օրերս անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե իրենց զինված ուժերն այս տարի Նախիջեւանի հատվածում հողեր են «ազատագրել», ասել է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել», ինչպես իրենք են այդ բառն օգտագործում: Դրանում լրագրողները համոզվել են՝ այցելելով համապատասխան հատվածներ: Դա եղել է միջդիրքային տարածության (Նախիջեւանի հատվածում ՀՀ-ի հետ սահմանազատում չկա, այդ պատճառով կողմերի ԶՈՒ միջեւ տարածությունը կոչվում է ոչ թե չեզոք գոտի, այլ միջդիրքային տարածություն.-խմբ.) կրճատում Նախիջեւանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ ԶՈՒ-ն երբեւէ վերահսկողություն չի իրականացրել»,- վստահեցրել է Դավիթ Տոնոյանը: «Դիմել ենք միջոցների, որպեսզի չեզոքացնենք նրանց հնարավոր առաջխաղացումը: Այդ գործողությունները հաջողությամբ ենք կատարել»,- հավելել է Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանամերձ հայկական բնակավայրերի համար կատարվածը որքանո՞վ է սպառնալիք հանդիսանում հակառակորդի կողմից դիտարկվելու տեսանկյունից, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց՝ հրամանատարական կազմը տեղի բնակչության հետ աշխատանքներ է տանում եւ բացատրում, որ դիրքային տեղափոխությունները չպետք է ընկալել որպես սպառնալիք. «Մենք նվազեցրել ենք ռիսկերը, իսկ խնդիրը բարձրացրել միջազգային գործընկերների առաջ»:

Թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ խոսնակն այս առնչությամբ նշել է, որ Ալիեւը այս հարցում բավականաչափ տեղեկացված չէ. «Ալիեւը այնքան ապատեղեկացված է, որ հայկական ուժերի վերահսկողության տակ երբեք չգտնված տարածքները ներկայացնում է որպես իրենց վերահսկողության տակ անցած տարածք: Իրենց նշած տարածքները երբեք հայկական ուժերի վերահսկողության տակ չեն եղել, այնտեղ հայկական դիրք չի եղել: Իրենց նշած հատվածը միջանկյալ տարածք է, որի նկատմամբ նախկինում էլ ունեցել են վերահսկողություն: Այս անգամ էլ ընդամենը իրենք իրենց տարածքում տեղաշարժվել են եւ վերջ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրանց»:

Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզչական նոր «տրյուկների» ալիքն ըստ ամենայնի նոր փուլ է՝ նոր պլաններով: Սեփական հասարակությանը այլ թեմաներով զբաղեցնելու քաղաքականությունն իհարկե նորություն չէ Ալիեւի վարչակազմի կողմից: Խնդիրն այն է, թե ադրբեջանական քարոզչությունից ինչ արդյունքներ է ակնկալում Ալիեւը ստանալ նաեւ գործընկեր երկրների վերաբերմունքի հարցում՝ ընդդեմ հայկական կողմի ճնշումների գործադրո՞ւմ, ապագա բանակցությունները հաստատուն ձեւով փակուղում թողնելու ձգտո՞ւմ, սահմանային նոր լարվածությո՞ւն, թե՞ այս ամենը միասին վերցրած:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930