Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի-անտեղի հակաբիոտիկներ մի՛ օգտագործեք

Նոյեմբեր 16,2018 14:30

Ամենասովորական գրիպի դեպքում անգամ մարդիկ վազում են դեղատուն եւ հակաբիոտիկ գնում, ինչը առողջապահության ոլորտի մասնագետների խոսքով` անթույլատրելի է: Նրանք քաղաքացիներին, բժիշկներին, գյուղմթերքի արտադրությամբ ու վերահսկողությամբ զբաղվողներին կոչ են անում զերծ մնալ անտեղի հակաբիոտիկ օգտագործելուց, նշանակելուց ու կիրառելուց: Անտեղի, ոչ պատշաճ հակաբիոտիկների օգտագործումն այսօր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի համար է լուրջ մարտահրավեր դարձել, եւ, ըստ ոլորտի մասնագետների, եթե այսպես շարունակվի, մարդկությունը կվերադառնա մեկ դար առաջ, երբ մարդիկ մահանում էին ոչ թե սրտանոթային, այլ տարբեր տեսակի վարակներից առաջացած հիվանդություններից, եւ միայն հակաբիոտիկների հայտնագործումից հետո վարակները դարձան բուժելի: Հակաբիոտիկը պետք է նշանակի բժիշկը, եւ նրա նշանակած նույն հակաբիոտիկը չի կարելի խորհուրդ տալ հարազատին, հարեւանին, քանի որ յուրաքանչյուր մարդու համար բժիշկն է որոշում, թե ո՛ր հակաբիոտիկը ի՛նչ չափաքանակով ու որքան օր պետք է խմի հիվանդը:
Այս խնդրի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 12-ից մինչեւ 16-ը մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը: Քարոզարշավի նպատակն է յուրաքանչյուրին եւ ամենուրեք հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության արդիական հիմնախնդիր է, բարձրացնել իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ եւ դրանով իսկ պահպանել ազդեցությունը, բարձրացնել անհատների, առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ կառավարության դերը հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում եւ նպաստել մոտեցումների փոփոխմանը, ինչպես նաեւ փոխանցել այն տեղեկությունը, որ պարզ գործողությունները կարող են բերել մեծ փոփոխությունների:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ-ի հաշվարկների համաձայն` եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, մինչեւ 2050 թվականը աշխարհում կգրանցվի մոտ 10 միլիոն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրիլիոն դոլար:
1928 թվականին Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր: Այսինքն` մարդկությունը իմացավ, թե ինչպես կարելի է պայքարել բակտերիալ վարակների դեմ: Սակայն ներկայումս շատ հակաբիոտիկներ դարձան անարդյունավետ: Ըստ առողջապահության մասնագետների՝ դրա հիմնական պատճառը հակաբիոտիկների անհիմն ու ոչ ճիշտ օգտագործումն է, բուժման ընդհատումը, որի արդյունքում զարգանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Մասնագետների խոսքով՝ դեղակայուն ձեւերով վարակիչ հիվանդությունները ենթակա չեն ստանդարտ սխեմաներով բուժման, արդյունքում երկարում է հիվանդության ընթացքը, բուժումը դառնում է անարդյունավետ, եւ մեծանում է բարդությունների եւ մահվան դեպքերի թիվը:

2012 թվականին ԱՀԿ փորձագետների կողմից Հայաստանում իրականացվեց հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով գնահատում, որի արդյունքները արտացոլվեցին ԱՀԿ-ի կողմից հրատարակված զեկույցում: Հիմք ընդունելով առաջարկությունները եւ կարեւորելով այս խնդիրը` 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության եւ կանխարգելման ռազմավարությունը: Վարակի հսկողությունն ու կանխարգելումն արդյունավետ միջոց է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարում, քանի որ նվազեցնում է յուրաքանչյուր տեսակի վարակի տարածումը, կանխում է միկրոօրգանիզմների փոխանցումը՝ այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը, եւ կանխում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլեւ կանխարգելման, ինչպես նաեւ աճը խթանելու համար: Արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` մասնավորապես որպես կերային հավելում: Վերջին 30 տարվա ընթացքում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում ավելացել է 30 անգամ, իսկ առողջապահության ոլորտում՝ 10:

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հակազդման համատեղ պայքար» ծրագիրը, որի հեռահար նպատակն է նվազագույնի հասցնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության բացասական ազդեցությունները գյուղատնտեսության ոլորտում` սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի եւ, որպես հետեւանք, մարդու առողջության վրա:

Մասնագետների խոսքով՝ շատ կարեւոր է անասնաբուժությունում հակաբիոտիկների կիրառման ճիշտ սխեմաների ներդրումը եւ ավանդական բուժման մեթոդներից եւ դեղերից անցումը ժամանակակից մոտեցումներին եւ առաջարկվող նոր դեղերին: Նրանց ներկայացմամբ՝ անասնաբուժությունում նման սխալ եւ չգիտակցված մոտեցմամբ հակաբիոտիկների կիրառումը հանգեցնում է հանրային առողջության ռիսկերի բարձրացմանը: Մասնավորապես` կենդանական ծագման մթերքի որակի եւ անվտանգության խնդիրներ, կենդանիներից ստացված կենդանական ծագման մթերքում դրանց թույլատրելի սահմանաչափերի գերազանցում կամ չթույլատրված նյութերի առկայություն, որը անցնում է սննդի միջոցով մարդուն, մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր ինֆեկցիոն հիվանդությունների դեմ օգտագործված դեղերի ցածր արդյունավետություն կամ անարդյունք կիրառում, կենդանիների եւ մարդկանց մոտ սննդի միջոցով փոխանցվող տարբեր ախտաբանական պրոցեսների զարգացում դեղերի ազդեցության հետեւանքով, որոնցից լայն տարածում ունեն իմուն համակարգի հիվանդությունների աճը, դիսբակտերիոզը, ալերգիաները եւ այլն:

Պատրաստեց
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

«Առավոտ»

15.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել