Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկության սենյակում քրեակատարողականի ծառայողները խոշտանգել են կալանավորին

Նոյեմբեր 16,2018 14:00

Ականատեսը կալանավորին ուղեկցած ոստիկանության օպերլիազորն է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած խոշտանգման գործով դատական նիստը:

Կալանավորը ոստիկանության բաժնից տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ, աղիները պարկով մարմնին կախ, եւ չբարեւելու, մի դեպքում՝ ՔԿՀ աշխատակիցներին հայհոյելու պատճառով վայրկյաններ հետո խոշտանգվում է ու չի արձանագրվում այդ մասին:
Ամբաստանյալ, արդարադատության մայոր Արմեն Հովհաննիսյանի, որը 2014 թվականի նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի N 478-Ա հրամանով զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը, 2018թ. ապրիլի 9-ից պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:

Այս գործով տուժող է ճանաչվել Արմեն Աղաջանյանը, որի ներկայացուցիչն է «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Արմեն Հովհաննիսյանը եւ Արմեն Աղաջանյանը նախկինում միմյանց չեն ճանաչել:

2018թ. մարտի 15-ին Արմեն Հովհաննիսյանը եղել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբում եւ ծառայություն է իրականացրել բնակելի գոտում: Նույն օրը՝ ժամը 17:00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով, որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող Արմեն Աղաջանյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը: Ա. Աղաջանյանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից մարտի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Անուշավան Նիկողոսյանի եւ նշված բաժնի եւս երկու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Մուտք գործելիս՝ մարտի 16-ին՝ ժամը 00:35-ին, Արմեն Աղաջանյանին ընդունել է Արմեն Հովհաննիսյանը: Այդ ժամանակ Արմեն Աղաջանյանը չի բարեւել հսկիչ անցագրային կետի դիմաց հերթապահ Արմեն Հովհաննիսյանին, նրանց միջեւ խոսակցություն է սկսվել, որը շարունակվել է նաեւ հերթապահ մասի դիմաց՝ միջանցքում: Ըստ գործի նյութերի. «Արմեն Աղաջանյանը տվել է անհասցե հայհոյանքներ եւ բղավել է, ինչի համար Արմեն Հովհաննիսյանը դիտողություն է արել Արմեն Աղաջանյանին՝ պահանջելով իրեն կարգի հրավիրել եւ հայհոյանքներ չտալ՝ զգուշացնելով, որ շարունակելու դեպքում կտեղափոխի պատժախուց, ինչին Արմենը հայհոյանք տալով պատասխանել է՝ «չկա մեկը, ով կարող է իրեն տանել պատժախուց»: Ձայներից հերթապահ մասից դուրս են եկել հերթապահ խմբում ընդգրկված քրեակատարողական հիմնարկի այլ ծառայողներ, որից հետո Արմեն Հովհաննիսյանն Արմեն Աղաջանյանին ուղեկցել է հիմնարկի հավաքակայանում գտնվող խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ»:

Դատարանում երեկ վկա դատակոչված Անուշավան Նիկողոսյանի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքի համաձայն, որը հրապարկվեց, խուզարկության կատարման համար նախատեսված սենյակում՝ «բոքսր» կոչվող, սկզբում մտել է Արմեն Աղաջանյանը, որից անմիջապես հետո ներս է մտել Արմեն Հովհաննիսյանը, որն առանց որեւէ բառ ասելու՝ բռունցքով հարվածել է Արմենի դեմքին, ապա ՔԿՀ-ի դեռեւս չպարզված մի խումբ ծառայողների հետ, փոխգնդապետի, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Արմենին: Ի դեպ, նրան պատճառվել է առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ եւ ձախ այտային շրջանների, ձախ սրունքի շրջանների քերծվածքների, վերին շրթունքի շրջանի սալջարդ վերքի ձեւով մարմնական վնասվածքներ:

Այդ դրվագով Արմեն Հովհաննիսյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Ըստ գործի նյութերի՝ Արմեն Աղաջանյանին խոշտանգելու դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, Արմեն Հովհաննիսյանը նույն քրեակատարողական հիմնարկի ինքնությունները դեռեւս չպարզված մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ կալանավոր Արմեն Աղաջանյանի նկատմամբ ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք, կիրառելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ 2018թ. մարտի 16-ին կազմել է իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն առ այն, թե իբր նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, հավաքակայանում Արմեն Աղաջանյանին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, քրեակատարողական ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ եւ զազրախոսել՝ խոչընդոտելով իրենց օրինական գործողությունների կատարմանը: Նկատի ունենալով, որ զգուշացվելուց հետո Արմեն Աղաջանյանը շարունակել է իրեն ագրեսիվ պահել եւ խոչընդոտել է իրենց օրինական գործողությունների կատարմանը, նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռնամարտի հնարք:

Վկա ոստիկանության կապիտան Անուշավան Նիկողոսյանը հայտնել էր, որ Արմենի բերանից արյուն էր գալիս: «Ես Արմենին չեմ հարվածել, ինձ նույնպես որեւէ մեկը չի հարվածել»,-ասել էր վկան: Ապա նկարագրել խուզարկության սենյակում կատարվածը. «Խառնաշփոթ էր: Արմենին մեկն ուղեկցեց զուգարան, մտանք փոխգնդապետի հետ սենյակ: Կազմվեց մարմնական վնասվածքների մասին արձանագրություն. արձանագրվեց, որ որովայնում կա պարկ, աղիքների արտաթորանքն է, ինչը նշված էր նաեւ անկետայում, չի նշվել, թե այլ մարմնական վնասվածքներ կային, թե ոչ»:

Վկան հայտնել էր, որ իր ներկայությամբ չեն խուզարկել բաժնից իր ուղեկցած կալանավորին, իսկ հետագայում «պլստացել» էր փոխգնդապետը, եւ այս կապակցությամբ նա նշել էր. «Կոչումը ընկալել եմ փոխգնդապետի, աստղերի չափով հնարավոր է խաբուսիկ լինեմ, հնարավոր է լեյտենանտ էր»:
Տուժող կալանավորի եւ ոստիկանի առերես հարցաքննության արձանագրությունը, որը նույնպես հրապարակվեց, կալանավորը տեսել էր մայորի հետ փոխգնդապետին, երբ ինքը բարեւել էր, մայորը չէր լսել, ապա միջանցքում ասել էր. «կողքիդ կախվածով չխաբես», ակնարկելով՝ իր աղիների պարկը: Իսկ մայորը մեկ այլ դրվագով կալանավորին հայհոյել էր եւ ասել. «Դուբինկեն կմտցնեմ հետույքդ, կգցեմ յութուբ»:

Դատարանում ոստիկանության օպերը հիշել էր, որ մայորը ձեռքով է հարվածել, իսկ նախաքննության ժամանակ՝ ոտքերով եւ ձեռքերով, չէր տեսել՝ գլխին ու դեմքին հարվածել են, թե ոչ, եւ դա պատճառաբանեց, թե ժամանակ է անցել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.Դատավորը, երբ հրապարակում էր նախաքննության ցուցմունքները, նկատեց, որ քննիչի ձեռագիրն ավելի վատն է, քան վկայինը:

«Առավոտ»

15.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930