Լրահոս
Օրվա լրահոսը

Անուն հանած երաժիշտները վերադառնում են հայրենիք

Նոյեմբեր 16,2018 13:30

«Առավոտը» ուշադրության կենտրոնում է պահում, հնարավորության դեպքում՝ ներկայացնում արտասահմանում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակից, մանավանդ երիտասարդ արվեստագետների գործունեությունը: Նրանց մի մասը երբեմն հանդես է գալիս հայրենիքում, մի մասի հետ էլ զրույցներ ենք ունենում հեռահաղորդակցության միջոցներով, կան նաեւ երաժիշտներ, ճիշտ է՝ փոքրաթիվ, որոնք վերջին ամիսներին տեղափոխվել են Հայաստան ու այստեղ շարունակում են իրենց գործունեությունը:
Վերջին շրջանում եվրոպական, մասնավորապես՝ շվեյցարական պարբերականներում հոլովվում են մեր հանդիսատեսին ու ընթերցողին ծանոթ կոմպոզիտորներ Դավիթ Հալաջյանի, Տիգրան Ստամբոլցյանի եւ Արամ Հովհաննիսյանի անունները:

«Առավոտի» առաջին հանդիպումը՝ Արամ Հովհաննիսյանի հետ, «հուշեց» Կամերային երաժշտության տանը նոյեմբերի 17-ին կայանալիք «Ասոնանս» կամերային անսամբլի համերգի հայտագիրը: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը: Կհնչեն հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների երկեր, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի, ֆրանսաբնակ Միշել Պետրոսյանի, Ռուբեն Անտոնյանի, հունգարացի Դյորդ Կուրտագի, շվեյցարացի Հայնց Հոլիգերի:

Շվեյցարաբնակ Արամ Հովհաննիսյանին գիտենք դեռեւս 2000-ականների սկզբից, երբ ճանաչված երաժիշտ, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ «Աուս-5» կամերային անսամբլի կազմում ներկայացան հայաստանցի ունկնդրին: Անսամբլը կարճ ժամանակ անց դադարեց գործել, որովհետեւ երեք երաժիշտներ մեկնեցին արտասահման, այդ թվում՝ դաշնակահար Արտյոմ Մանուկյանը, որն այսօր ճանաչված ջազմեն է ԱՄՆ-ում, դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Յասկովսկին, որն ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում եւ կլարնետահար Արմեն Ղազարյանը, որը կարիերայի համար ընտրեց Շվեյցարիան: Երկու անգամ էլ Արամ Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ անցյալ տարվանից Երեւան, Գյումրի եւ Դիլիջան քաղաքներում մեկնարկեց «Խաչմերուկներ» փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է: Հենց կոմպոզիտորի շնորհիվ էր, որ Փարիզի կոնսերվատորիայից հրավիրվեցին երաժիշտներ եւ Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամներ:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նրա այս այցի հետ կապված շրջանառվում է խոսակցություն, թե Ժնեւի երաժշտական բարձրագույն դպրոցում անվանի կոմպոզիտոր Միքայել Ժարելի ղեկավարությամբ ուսանելուց եւ ժամանակակից երաժշտության ոլորտում լուրջ հաջողության հասնելուց հետո եկել է Երեւան՝ չվերադառնալու պայմանով: «Նման մտադրություն ունեմ: Բայց կինս՝ լեզվաբան Հասմիկ Ջիվանյանը, պատրաստվում է դոկտորական թեզի պաշտպանությանը, սա է ձգձգման միակ պատճառը: Շվեյցարական կարիերայիցս իսկապես գոհ եմ, ստեղծագործություններս հնչել են այնպիսի կոլեկտիվների մեկնաբանմամբ, ինչպիսիք են Collegium novum Zurich, Aeguatuor եւ այլն: Ունեմ գործեր, որոնք տեղ են գտել տարբեր անսամբլների թողարկած CD-ներում,- հայտնեց կոմպոզիտորն ու հավելեց,- ոչ միայն ստեղծագործողներ, այլեւ ինչ-ինչ պատճառներով ժամանակին Եվրոպայում բնակություն հաստատած հայաստանցիներ այսօր ոգեւորություն են ապրում՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Նրանք մտածում են արդեն օր առաջ հայրենիք վերադառնալու մասին, ախր, եկեք չմեղադրենք Եվրոպայում հայտնված մեր համերկրացիներին: Եղել են տարիներ, երբ աշխատանք չունենալուց հուսալքված՝ մեկնել են…»: Ռեպլիկին՝ այնպես չէ, որ այսօր արդեն միլիոններ ենք ստանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե Շվեյցարիայում ստանում ենք իքս գումար, որից հանում ենք տան վարձը, կոմունալ վճարումները… ստացվում է նույն հայաստանյան պատկերը, պարզապես պետք է եվրոպացիներից սովորենք խնայողաբար ու խելացի տնօրինել ֆինանսը»:

Հետաքրքրությանը՝ ի՞նչն էր Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ճանաչված կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի դասարանում ուսումը կիսատ թողնելու պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեւանում ուսանել եմ նաեւ ֆլեյտայի դասարանում՝ պրոֆեսոր Եվգենի Նոնինյանի ղեկավարությամբ: Եթե չունենայի մեր կոնսերվատորիայում ստացած գիտելիքների բազան, հավատացեք, դժվար կլիներ Ժնեւի երաժշտական բարձրագույն դպրոց ընդունվելը նույնիսկ: Տեղափոխվեցի Շվեյցարիա, որովհետեւ իմ ոճը՝ իբրեւ ստեղծագործող, «ձգտում» էր արեւմտաեվրոպական արվեստ եւ անհրաժեշտ էր տեխնիկական վարպետությանը զուգահեռ ձեռք բերել մի միջավայր, որտեղ անընդհատ կհնչեր այդ ժամանակակից երաժշտություն կոչվածը»:

Անդրադառնալով «Ասոնանս» կամերային անսամբլի կայանալիք առաջին համերգին, կոմպոզիտորը փաստեց, որ անսամբլի 8 երաժշտից կան արտիստներ, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք, օրինակ՝ ֆլեյտահար Նարեկ Ավագյանը՝ Շվեյցարիայից, ջութակահար Անի Կարապետյանը՝ Մեծ Բրիտանիայից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930