Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան գոյամարտից մինչեւ Նապոլեոնի հայազգի թիկնապահ

Նոյեմբեր 16,2018 13:00

Հենրի Առուշանյանի նորատիպ գիրքը

Լույս է տեսել Հենրի Առուշանյանի «Սառնատուն լեռան զավակները» գիրքը, որը 1988-ի ազգային վերազարթոնքի, Արցախյան գոյամարտի, դրանց` չլդրանցիների մասնակցության եւ 22 նահատակ-հերոսների մասին է:

Գրքում զետեղված են նաեւ ախպերքանցի վաճառական Հունան Խաչատրյանի կրտսեր որդու` Նապոլեոն Բոնապարտի 16 տարվա առաջին թիկնապահ Ռուստամ Ռազայի ոդիսական կյանքին ու դաժան ճակատագրին վերաբերող հուշափաստագրական որոշ դրվագներ:

Ներածական խոսքում հեղինակը գրում է. «Գիրքն էլ մարդու նման է եւ դա` ոչ միայն այն հիմնավորմամբ, որ երկու դեպքում էլ արարողը Մարդն է, այլ` որ գիրքն էլ ունի ծնունդ, կենսագրություն ու ճակատագիր: Մտահղացումից, հոգեմաշ ապրումներից, քաոսային միգամածությունից սկսած՝ արեւերես արվող այս գիրքը հենց մարդն է` իր մտազգացական ներաշխարհով, աշխարհայացքով, գաղափարներով, հայացքի ուղղվածությամբ, իր լավ ու վատ կողմերով: Արժեքավոր գիրքը, առերեւույթ, թե ըստ էության, մարդուց երկար է ապրում եւ կարեւոր չէ այս դեպքում ինչ բնույթի է այն, ինչ բովանդակություն ունի: Կարեւորը՝ հանրորեն օգտակար լինի, մարդ արարածի մտքին ու հոգուն հարազատ, լույսով ողողված, ճշմարիտ ու արդարադատ զրուցակից լինի, անկեղծ ու ազնիվ խորհրդատու…»:

Հենրի Առուշանյանը ներածական խոսքն ավարտում է փառաբանությամբ. «Ուրեմն՝ փառք տանք մեր նահատակ հերոսներին, փառք տանք կյանքը շարունակող, զինակիցների հիշատակը հարգող ողջերին, փառք տանք բոլորին անուն առ անուն, ովքեր նյութապես ու բարոյապես աջակցել են Արցախյան գոյամարտի հաղթանակին, փառք հավերժալույս… Եվ թող հավերժական խաղաղությամբ օծվի, օրհնվի Հայոց Արեւելից Կողմանց աշխարհը…

Արդ դիմելով միջնադարյան մեր պատմիչներին՝ ուզում եմ խոսքս վերջակետել նրանց բազմախոսուն պատգամով. «Ձեռս գնա, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»:
Ինչ վերաբերում է Նապոլեոնի արցախցի առաջին թիկնապահին, Հենրի Առուշանյանը գրում է, որ Ռուստամ Ռազան սերունդներին ժառանգություն է թողել ֆրանսերենով գրած իր «Իմ կյանքը Նապոլեոնի հետ» գիրքը, որն, ըստ էության, սկզբնաղբյուրի արժեք ունի եւ հավաստի տեղեկություններ է փոխանցում 18-րդ դարի իրադարձությունների, Նապոլեոնի կայսերապետության ժամանակաշրջանի, այլազգիների, Կովկասի եւ ամենակարեւորը` Արցախ աշխարհի, ազգային սովորությունների վերաբերյալ: Ըստ բազմաթիվ աղբյուրների, Ռազան 7 անգամ որպես ստրուկ վաճառվել է, մինչեւ, ի վերջո, Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ դարձել է նրա մամլյուք-թիկնապահը:

Ի դեպ, 2017-ին Ֆրանսիայի Դուրդան քաղաքի քաղաքապետարանի եւ Հայ վետերանների ասոցիացիայի նախաձեռնությամբ քաղաքում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Նապոլեոն Բոնապարտի հայազգի թիկնապահին:

Գ. Հ.

«Առավոտ»

15.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930