Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնջախաղի պետական թատրոնը շարունակում է վարձով ապրել

Նոյեմբեր 16,2018 12:15

Արդեն երեք տարի «Մետամորֆոզներ» ներկայացումը փոխակերպման ենթակա թատրոնի բեմում է: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը շարունակում է մնալ միակ պետական թատրոնը, որ դեռեւս սեփական շենք չունի: Անշենք թատրոնի աշխատանքային խնդիրների մասին զրուցել ենք Երեւանի մնջախաղի թատրոնի ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանի հետ:

«Մենք վարձով ենք մնում, մեզ մի օր է հասնում, այն էլ ժամը իննին ազատում ենք, այդպես աշխատելն անտանելի բարդ է: Բոլոր պետական թատրոնները շենք ունեն, իսկ ունենալու դեպքում հանդիսատես է լինելու, այսինքն` դա պայմանավորված է առաջին հերթին վարձով ապրելուց, վարձով ապրողի ու վարձով չապրողի նույն ընտանիքը այլ վիճակում են գտնվում: Հանդիսատեսի գալն էլ է հյուրընկալություն, վարձով ապրելու տեղում դու մնում ես երեք սենյակից մեկում: Հիմա շաբաթը ընդամենը մեկ անգամ եւ ժամը հինգից մինչեւ ինը ընկած ժամանակահատվածում ենք փորձեր անում, չորս ժամն ի՞նչ է թատրոնի համար, մենք նույնիսկ չենք կարողանում հանձնման ժամանակ գոնե մեկ շաբաթ փորձել բեմում, պատկերացրեք, դա կատաստրոֆա է: Իսկ սովորական թատրոններում գիտեք, որ ամսով են բեմում փորձում, ուր մնաց՝ մի օր ու հաջորդ օրը խաղաս: Դրա համար մեր հանդիսատեսի ելքն ու մուտքը մենք գիտենք` ինչպես դիմավորել, ինչպես ճանապարհել եւ այլն, այսինքն՝ գալիս ենք օտար տեղ, չենք ասում՝ մեզ վատ են նայում Պատանի հանդիսատեսի թատրոնում, հարցն այն է, որ ի՞նչ է նշանակում, որ շաբաթը քեզ չորս ժամ տան, որ շըփ-թըփ խաղաս»,-ասում է Յուրի Կոստանյանը:

Նրա խոսքերով՝ այս տարվա մայիսին պետք է սկսվեր շինարարությունը, բայց հետո փոփոխություններ եղան, ասում են` գումարի հարց կա, տարածքը մի քիչ բարդ է շինարարության համար, ներդրումներ պետք է արվի: «Եթե գոնե մինիմալ տեղը ապահովեն, մնացածը մենք կմտնենք, ակտիվորեն կանենք: Այսինքն՝ ինչ-որ չհերիքի, չբավականացնի, կանենք, ի՞նչ է եղել: Ինձ երեւի չեն ճանաչում, ես թատրոնի նախկին գեղարվեստաթատերական ինստիտուտի հին ուսանողական բեմը վերցրել եմ, անձնական ներդրումներ արել ու բերել հասցրել մի վիճակի, որը չստացվեց շարունակել, ես ինչո՞ւ եմ դրա մասին ասում. հիմա էլ եթե լինի, ես էլի կգնամ, կապ չունի տարիք-մարիք, ինձ համար գոյություն չունի այդպիսի բան, եթե գաք նայեք ինչ դասընթացներ ենք անցկացնում, կհասկանաք: Ես այնտեղ սեւագործ բանվորություն եմ արել, նույնն էլ պատրաստ եմ հիմա, եւ փաստաթղթով, կնիքով տված շենքը չեն կարող մեր ձեռքից վերցնել: Ես չեմ ուզում մեծ-մեծ բառեր օգտագործել, բայց չեն կարողանա: Միգուցե մտածում են մեր արդյունաբերությունը շատ ավելի առաջ գցենք, բարձր տեխնոլոգիաներին ուշադրություն դարձնենք, իսկ արվեստը, թատրոնը կսպասեն: Ես արվեստագետ չեմ, տնտեսական կիբեռնետիկան եմ ավարտել եւ գիտեմ՝ ինչ է արդյունաբերությունը, ինչ է արվեստը, դրանք հավասարազոր երեւույթներ են: Արվեստ եւ քաղաքակրթություն ունեցող ազգը չի կարող հետ ընկնել, չի կարող արդյունաբերություն եւ բարձր տեխնոլոգիաներ չունենալ: Պետք է մտածել այդ ուղղությամբ, միգուցե քաղաքակրթությունն արվեստի միջոցով է բարձրանում: Արվեստագետի ստեղծած արվեստն է հավերժացնում ստեղծագործողին, իսկ ժողովրդի մեջ եղած բարձրարժեք ստեղծագործությունները հավերժացնում են այդ ժողովրդին»,-ասում է մեր զրուցակիցը:

Նաեւ հավելում. «Մենք ներկայացումներով ավելի քան երեսուն երկրում ենք եղել եւ գրանպրիներով, ոսկե մեդալներով վերադարձել ենք, նույնիսկ կատակ էի անում, որ սպորտում դրոշ են բարձրացնում, լավ կլիներ՝ արվեստում էլ բարձրացնեն: Թեպետ ես ներսից եմ խոսում, բայց համեստությունը մի կողմ դնելով կարող եմ ասել, որ սա ազգային մեծ արժեք է, որովհետեւ ուր գնացել ենք, մեզ ասել են, որ կարելի է համեմատել այնպիսի մի ազգային ուղղության հետ, ինչպիսին, օրինակ՝ ճապոնական կաբուկի թատրոնն է, չինական օպերան, հնդկական կաթակալի պարի եւ թատրոնի արվեստը: Միշտ ասում են, որ սա հավասարազոր բան է, եւ առաջարկում են, որ անունը փոխենք, հայկական մի անուն դնենք, որ ոչ թե այս ժանրի թատրոնը լինի, այլ դրա հայկական ուղղությունը, որովհետեւ մենք գնում ենք խորքերը, նույնիսկ միջնադարից ավելի հին շրջանները: Արտասահմանում քանիցս կրկնել են, որ նրանք այդպիսի բան չեն տեսել, ոչ էլ ունեն, նույնիսկ` Հռոմում: Դուք պատկերացրեք` ինչ արժեք է, բայց դրա մասին հո շատերը չգիտեն, նույնիսկ կարող է պաշտոնյա լինի եւ չիմանա դրա մասին: Բոլորը անխտիր, մեկառմեկ պետք է նայեն, թե չէ՝ ես կարող եմ մեծ-մեծ խոսել, ասել՝ ազգային բարձր արժեք է: Ես ինչո՞ւ եմ ասում՝ անունը փոխենք, որ հաստատ համոզված լինեն՝ սա արժեք է: Երբ ասեն, որ Ճապոնիայում կա կաբուկի, նաեւ ասեն, որ Երեւանում կա նմանատիպ եւ միգուցե ավելի հետաքրքիր այսպիսի մի երեւույթ: Անվանումը պետք է լինի ժամանակակից եւ կապվի մեր անցյալի, գեղանկարչության, մատենագրության հետ: Եթե գան, նայեն, կտեսնեն` ինչ եմ ասում, սա խոսքեր չեն, սա արվածից ելնելով եմ ասում»:

ՆԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ»

15.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930