Ներսես Մանուկյանը՝ որպես ռեժիսոր իր առաջին քայլերն արել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում սովորելու տարիներին:
Նա հենց իր ուսանողական տարիներից է սկսել մասնակցել նկարահանումների ու ֆիլմեր նկարահանել: «Սովորելու 4 տարիների ընթացքում՝ 4 ֆիլմ եմ նկարահանել. թերևս ամենահաջողվածը դիպլոմային աշխատանքս եմ համարում, որը նվիրված էր ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին։ Ֆիլմում հանդես եկավ իմ ամենասիրելի դերասաններից մեկը, ընկերս՝ Արմեն Մարգարյանը»,-ասում է մեր զրուցակիցը:
Դիպլոմ ստանալուց հետո Ներսեսը՝ ինչպես ինքն է նշում, ստանձնել է յուրահատուկ առաքելություն՝ 2016 թվականի ամռանը զորակոչվել է բանակ. «Առաքելությունս հաստատվեց ԱՀ ՊԲ Մադաղիսի զորամասում ծառայությամբ»:
Ներսեսը հետհայացք գցելով ծառայության տարիներին, հիշում է, որ սկզբնական շրջանում շատ դժվարությամբ է հարմարվել զինվորական կյանքին։ Ֆիլմերից, նկարահանման հրապարակներից հետո բարդ էր բանակային խիստ գրաֆիկով ապրելը, բայց այդուհանդերձ նրա մոտ ստացվեց. «Ամեն բան տպավորիչ էր, հետաքրքիր էր ապրիլյան պատերազմից հետո տեղի բնակչության առօրյան, քանի որ Թալիշ և Մադաղիս գյուղերը ամենաշատն էին տուժել պատերազմից: Մտածում էի վավերագրական ֆիլմ նկարել այդ ամենի մասին, թե ինչպես մենք անցանք այն ճանապարհը, որը մեզ տարավ պատերազմից խաղաղություն»,-պատմում է ու հավելում, որ այդ ֆիլմն այսօր կյանքի է կոչվել ու անվանումն էլ հենց «Պատերազմից խաղաղություն» է։
Հարցին, թե արդյո՞ք մենք այսօր ունենք այդ խաղաղությունը, հասել ենք դրան, Ներսեսը պատասխանեց. «Կարծում եմ այսօր ավելի խաղաղ է լինելու, քան երեկ և այսպես ամեն օր։ Ես սիրում եմ խաղաղությունը…»:
Մոտ 7 ամսվա ծառայող էր, երբ խրախուսական արձակուրդի արժանացավ։ Ժամանակն էր մտքերը գործի վերածելու. «Եկա, հավաքեցի ընկերներիս (համակուրսեցիներ, Շիրակի հանրային հեռուստաընկերություն աշխատակիցներ) ու մեր զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Զավեն Խաչատրյանի հետ համագործակցելով՝ սկսեցինք նկարահանել»:
Ներսեսը՝ իր ծառայության 17 ամիսներն անց է կացրել դիրքերում՝ որպես դիրքի ավագ մարտական հերթապահություն իրականացնելով: Ֆիլմի նկարահանումներից հետո՝ հերթական անգամ մարտական հերթապահությունից վերադառնալիս, արժանացել է Սերժանտ զինվորական կոչմանը։
Պատմում է, որ «Պատերազմից խաղաղություն» ֆիլմի նկարահանումները Մադաղիս և Թալիշ գյուղերում մի քանի օր են տևել, իսկ հետագայում ընկերները շարունակել են այն նկարահանել Արցախի տարբեր հատվածներում. «Զորացրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղա ֆիլմի մոնտաժմանը և էկրաններ բարձրացնելուն»:
Ռեժիսորի խոսքով բանակն իրեն շատ բան է տվել ու սովորեցրել։ Նվիրել է բազում գաղափարներ, ընկերներ. «Ծառայության ընթացքում ես հասկացա մեր հայրենիքի իրական չափն ու սահմանները, երբ կանգնած էի սահմանի եզրին ու նայում էի հետ՝ դեպի հայրենիք, դեպի միակ ու անփոխարինելի վայր: Այդ ժամանակ ինքս էլ ցանկացա բանակին ինչ-որ բան տալ։ Այս ֆիլմը ես անձամբ նվիրում եմ իմ ծառայության տարիներին, իմ հրամանատարներին»:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Նոյեմբերի 17-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, իսկ պրեմիերայից հետո՝ մինչև ամսվա վերջ կցուցադրվի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի սահմանամերձ գյուղերում, քաղաքներում. «Ֆիլմի սկավառակները նաև ուղարկվելու են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տարբեր զորամասեր»:
ֆիլմի պրեմիերայից օրեր առաջ՝ հնի ու նորի մեջտեղում կանգնած, ռեժիսոր Ներսես Մանուկյանը մի բան հաստատ գիտի. «Հին Ներսեսից գաղափարը մնաց, բանակից զորացրվեց գաղափարներն իրականացնող Ներսեսը»:
Իննա ԹՈՒՄԱՆՅԱՆ