Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Արմավիրի մարզում հեղափոխության գլխավոր թեկնածուն

Նոյեմբեր 15,2018 22:20

«Իմ Քայլը» դաշինքի կողմից Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Նարեկ Մկրտչյանը: Մինչ այժմ նա զբաղվել է ակտիվ գիտական և հասարակական գործունեությամբ: Նարեկ Մկրտչյանը պատմական գիտությունների թեկնածու է, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

– Ինչո՞ւ որոշեցիք քաղաքական գործունեությամբ զբաղվել, թավշյա հեղափոխությունի՞ց եք ոգեւորվել:

​- Քաղաքականությամբ զբաղվելու որոշումը հեշտ չեմ կայացրել։ Ինքս նախկինում քաղաքական որևէ գործընթացներում ուղղակի ներգրավվածություն չեմ ունեցել, չնայած որ ակտիվ մասնակցություն եմ ունեցել հայաստանյան տարբեր քաղաքական և քաղաքացիական գործընթացներին։ Թավշյա հեղափոխությամբ պայմանավորված շրջադարձային իրողություններն հարկավ որոշակիորեն ազդել են որոշմանս վրա. եթե պատմագետ չլինեի միգուցե ոգևորվեի  հեղափոխությունից, որն իմ խորին համոզմամբ դեռ չի ավարտվել և իր հանգրվանին չի հասնի, քանի դեռ երկրում չեն ստեղծվի նախապայմաններ` ներառական ինստիտուտների և նորմերի կայացման համար։ Ներառական ինստիտուտների կայացումն, ի դեպ, ինքնաբուխ գործընթաց չէ, այլև կառավարող էլիտայի որոշումներից բխող գործընթաց։ Այստեղ խորհրդարանն էլ անելիք ունի. այն է ստեղծել օրենսդրական այնպիսի խթանիչներ, որոնք մարդուն կշահագրգռեն կրթվելու, աշխատելու, խնայելու, ներդրումներ անելու, ինչպես նաև նորարարական գաղափարներով երկիրը շենացնելու։ Մենք կանգնած ենք այս մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար հեղափոխությունը ստեղծել է միջավայր, բայց կրկին անցումն ինքնաբուխ չի լինելու. այն պահանջում է յուրաքանչյուրիս գործուն ներգրավվածությունը։ Հենց այս հեռանկարն էլ դարձել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշմանս մեկնակետը։

– Դուք ռեյտինգային ընտրակարգով եք առաջադրվել թիվ 6 ընտրատարածքում. այլ քաղաքական ուժերից այդ ընտրատարածքում թեկնածուներ կան, որոնք լավ կապեր եւ ազդեցություն ունեն: Ո՞նց եք պատկերացնում նրանց հետ մրցակցությունը: Ամեն դեպքում, ռեյտինգային ընտրակարգում մեծ դեր են խաղում անձնական կապերը:

​- Այո, ռեյտինգային ընտրակարգը ունի շատ խնդրահարույց կետեր։ Մտահոգիչ է հատկապես Ձեր հարցում նշված միջանձնային կապերով պայմանավորված ազդեցության գործոնը։ Մրցակցության առումով ինչ-որ անհատների կամ նախկին տեղական իշխանիկների վերահսկողության ներքո գտնվող թեկնածուների կապերն ու ազդեցությունը, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի մտահոգում, քանի որ Ձեր նշած «լավ կապեր ունեցող թեկնածուները» այս անգամ զրկված են լինելու կաշառատվության, վախի մթնոլորտ ստեղծելու ինչպես նաև վարչական ռեսուրս կիրառելու արատավոր հնարավորությունից։

Մտահոգիչն այն է, որ ռեյտինգային ընտրակարգի «լավ կապեր և ազդեցություն ունեցող» թեկնածուները խուսափելու են քաղաքական և գաղափարական նախընտրական պայքարի ֆորմատից և փորձելու են կրկին կիրառել հնացած տոհմացեղային, արյունակցական և կլանային կապերը, որն այս անգամ չի ունենալու նախորդ ընտրության արձանագրած ծավալները, քանի որ մեր ժողովուրդը այլևս կայացրել է իր որոշումը, և գիտակցում է, որ կարող է քաղաքական գործընթացների վրա ազդել իր ձայնով։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կստորադասեն միջանձնային կապերը նախընտրական քաղաքական-գաղափարական պայքարի նոր մշակույթի կայացմանը, կարևոր քայլ արած կլինեն ներառական ինստիտուտների կայացման համար։ Իսկ եթե ոչ՝ ապա նրանք աստիճանաբար կորցնելու են նոր Հայաստանում ձևավորվող քաղաքական ներկապնակում տեղ ունենալու հնարավորությունից։

– Որքա՞ն եք գնահատում ձեր հնարավորությունները, ինչի՞ համար մարդիկ պետք է ձեզ ընտրեն, նրա, որ դուք իշխող ուժի թեկնածուն ե՞ք:

– Գաղտնիք չէ, որ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, սակայն դա բավական չէ, որպեսզի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուն ստանա ընտրողների մեծամասնության վստահության քվեն։ Արմավիրի մարզում առաջադրված են տարբեր կրթական ցենզի և փորձառության մեկ տասնյակից ավելի թեկնածուներ, որոնց մի մասին արմավիրցին առիթ է ունենալու ծանոթանալ նախընտրական քարոզարշավին։

Վարկանիշային ընտրակարգով հաջողություն հասնելու համար ՔՊ թեկնածու լինելը բավական չէ, քանի որ թեկնածուները շատ են լինելու: Շատ կարևոր է լինելու քարոզարշավը և անձնական շփումները քաղաքացիների հետ: Բնակվում և բնակվել եմ Արմավիրի մարզում, որտեղ գիտակրթական և մշակութային տարբեր նախաձեռնությունների համատեքստում առիթ եմ ունեցել մշտապես շփվելու մարզի բնակիչների հետ, որի արդյունքում ձեռք եմ բերել անձնական կապերի մեծ ցանց: Ուստի, համեստություն չանեմ և ասեմ, որ այս ընտրություններում բավականին բարձր եմ գնահատում հնարավորություններս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930