Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում նախկինում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթը տունը բնակավայրից բարձր պատով տարանջատված է, պատի գլխին փշալար է անցկացված: Հողի սեփականաշնորհման ժամանակ՝ 1991թ., գյուղի մի քանի բնակիչ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք է բերել շենք-շինություններ:
Այդ նույն տարածքում, ուր 1999թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, առեւտրի օբյեկտներ են կառուցվել: Կառավարության 2001թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կանոնակարգվել է շուկայի գործունեությունը: Շուկայի տարածքը, որտեղ գտնվել են այդ շինությունները ու մշակույթի տունը , պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006 թ. սահմանամերձ առեւտրի Բագրատաշենի շուկայի փակվելուց հետո այդ շինությունները, մշակույթի տունը հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Շինությունների տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան, 3 անձանց պատկանող առեւտրական օբյեկտների համար հաշվարկվում է գույքահարկ, որոնց ընդհանուր պարտքը համայնքապետարանին կազմում է ավելի քան 1 միլիոն դրամ:
Բագրատաշեն համայնքի նախկին ղեկավար , այժմ գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ Բագրատաշենի նախկին շուկայի տարածքը, այդ թվում՝ Լալվարի մշակույթի տան հարակից հատվածը, լցված է հին, չմաքսազերծված ավտոմեքենաներով:
Լալվարի մշակույթի տունը Բագրատաշեն համայնքին վերադարձնելու խնդրանքով Ա. Մակյանը նախկինում դիմել է Տավուշի մարզպետին, ՀՀ վարչապետին, հանրապետության նախագահին, սակայն խնդիրը չի լուծվել:
Մակյանն ասաց, որ 2 ամիս առաջ գյուղում մարզադպրոց է բացվել, որը գործում է Լալվարի նախկին մշակույթի տանը: Դրա համար շենքի հետնամասում մուտք է բացվել, շենքի մուտքը նախկինի նման փակ է; Նա հայտնեց, որ ՀՀ մաքսային ծառայությունում քննարկվում է շենքը համայնքին վերադարձնելու հարցը: Բագրատաշենի 3 բնակիչներին պատկանող խանութները, հացի փուռը շարունակում են մնալ փակ գոտում, անհասանելի լինել դրանց սեփականատերերի համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ