«Քաղաքագիտական առումով նոնսենս եմ համարում գուշակությունները, թե ով է լինելու գլխավոր ընդդիմադիրը»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը:
Նա չի կարծում, որ ճիշտ է ժամանակից առաջ ընկնել և ասել, թե իրենք լավագույն ընդդիմությունը կամ երկրորդ տեղում կլինեն:
Նա վստահ է՝ նախընտրական շրջանում ժողովրդին ասելիք ունեցող քաղաքական ուժերը կվերահաստատեն իրենց տեղը քարտեզի վրա. «Ժողովուրդն իր քվեով կհաստատի յուրաքանչյուր քաղաքական ուժի տեղը: Աստիճանաբար հեղափոխական ոգևորությունը զիջում է սառը դատողությանը, և հիմա ժողովուրդն ավելի շատ սպասելիքներ ունի տնտեսական, սոցիալական ոլորտներում»:
Սերգեյ Բագրատյանի հավաստմամբ՝ ԲՀԿ-ն իր ծրագրում կիրառել է այնպիսի տնտեսական բանաձևեր, որոնք կաշխատեն ՀՀ պայմաններում: Դառնալով ներկայիս կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը՝ նշեց, թե առաջանցիկ տեմպերով առաջ են գնում, միևնույն ժամանակ նկատեց՝ դա չես ասի քաղաքական գծի մասին: Իսկ իրենց ծրագրում, ըստ ԲՀԿ-ականի, այդ երկուսը զուգահեռված է:
Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերին ընտրելու առումով՝ ժողովրդի համար էական նշանակություն կունենան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ նրանց մոտեցումները. «Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք և՛ արտաքին մարտահրավերներին, և՛ ներքին որոշակի տնտեսական խնդիրների լուծմանը»:
Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ՝ ԲՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի ունեցել. «Մենք քննարկումներ չենք ունեցել, որովհետև, եթե հետհեղափոխական ոգևորվածության արդյունքում մենք ունենանք 80-90-տոկոսանոց արդյունք որևէ քաղաքական ուժի հետ կապված, ապա շատ բան կփոխվի: Խորհրդարանական ընտրություններից հետո վերադասավորումներ պետք է լինեն և, հնարավոր է, դրանք տապալվեն: Մենք պետք է ուշադիր լինենք քարոզչության ժամանակ հանրային կյանքը չվտանգելու առումով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ