Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈՒԽ-ն, նկատի առնելով վերջին օրերին բուհում ստեղծված դրությունը, հրավիրել է համագումար՝ նոր կանոնակարգ ընդունելու համար: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ բուհ-ում լարված մթնոլորտ է. ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը երկու կողմերին (ՈւԽ- ականներ և «Ռեսթարթ» նախաձեռնության անդամներ) ուղարկել է իրար հակասող բովանդակությամբ նամակներ:
Մինչ համագումարի մեկնարկը «Առավոտ»-ի լրագրողը զրուցել է ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ և փորձել է մանրամասներ ճշտել ստեղծված իրավիճակի մասին:
Դավիթ Ափոյանի խոսքով՝ ԿԳ-ից իրենց նամակ է եկել, որտեղ առաջարկվել է ՈւԽ ներկայիս կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնել, որն էլ, օրենքի համաձայն կներկայացվի ԿԳՆ հաստատման. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել փոփոխություններ իրականացնել, բարեփոխումներ սկսել:
Մեր հարցին, թե ՈւԽ-ն ինչ լուծում է տեսնում, քանի որ հակառակ կողմից վստահ են, որ ներկա ՈւԽ-ն պետք է լուծարել, Ափոյանն ասաց. «Ինչու՞ լուծարել, եթե հիմքեր չկան»:
Վերջինս գտնում է, որ խնդիրը պետք է լուծել փոխզիջման մթնոլորտում: ՈւԽ նախագահը հավելեց, որ հանրային դաշտում պատրաստ է ցանկացած քննարկման, այդ թվում նաև ԿԳ նախարարի հետ հանդիպման փորձ է արվել, սակայն նախարարն ասել է, որ անցել են կուլիսային խոսակցությունների ժամանակները:
Համագումարին ներկայացվեց ՈՒԽ նոր կանոնակարգը կետ առ կետ: Ելույթով հանդես եկավ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը և ասաց. ԿԳ-ի կողմից Ռեսթարթին ուղարկված նամակը հիմք ընդունելով՝ ԵՊՀ մի շարք ուսանողներ ստորագրահավաք սկսեցին՝ ընդդեմ ՈւԽ-ի, որի հիմքում ընկած է իրականության հետ կապ չունեցող մեղադրանքներ, որոնք պառակտումներ մտցրին ուսանողության մեջ: Կուսակցականացվածության դեմ կեղծ պայքարի ջատագովները ցանկանում են ստեղծել նախադրյալներ, որ ԵՊՀ-ն դառնա ներքաղաքական հակամարտությունների կենտրոն»:
Փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանի խոսքն առավել սուր ստացվեց: Վերջինս խոսեց ուսանողների վերջին օրերին համախմբվածության մասին. «Երբ ասում են, որ հեղափոխությունը չի մտել համալսարաններ, ես ասում եմ՝ հեղափոխությունն այն է, երբ նախարար, փոխնախարար, գրանտակեր ակտիվիստ, թաղային խուժան չկարողացան պառակտել այս ուսանողությանը: Մեզ փորձեցին բաժանել, սակայն բաժանիր, որ տիրես, սկզբունքը չաշխատեց»:
Դավիթ Մաթևոսյանը դիմեց քաղաքական բոլոր ուժերին, արտասահմանյան հիմնարկներից կամ տեղական օլիգարխից փող ստացողներին. «Ձեռքներդ հետու ԵՊՀ-ից»:
Հիշատակվեց նախօրեին ԿԳ նախարարի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությունում, որտեղ Արամ Աբրահամյանի հարցին, թե ԵՊՀ ՈՒԽ-ն ՀՀԿ է, նախարարը պատասխանում է՝ այո՛: «Հիմա մենք ասում ենք՝ եթե ԿԳ նախարարը չկարողացավ գեթ մեկ փաստ իր փաստարկմամբ ներկայացնել, որ ՈՒԽ-ն ՀՀԿ է, կամ ՈՒԽ կազմում կա մեկը, որ կուսակցական պատկանելություն ունի, մենք նրան կարող ենք համարել միջին վիճակագրական գործիչ, որի խոսքերին կարելի է չարձագանքել»:
Այդուհանդերձ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը «Առավոտ»-ին ասաց. «Ակնկալում եմ կառուցողական մոտեցում ԿԳՆ-ի կողմից»: Համագումարի ավարտին առաջարկ եղավ ԵՊՀ բակում լուսանկարվել՝ ի նշան բուհի ուսանողության միասնականության:
Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ