Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանի ստեղծած կուսակցությունը ԱԺ ընտրություններին չի մասնակցի․ պետական գրանցում դեռ չի ստացել

Նոյեմբեր 15,2018 19:33

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ստեղծած «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը պաշտոնապես դեռ չի գրանցվել, և բնականաբար, ԱԺ արտահերթ ընտրություններին չի մասնակցի։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց հենց Հովհաննես Մարգարյանը։

«Մինչև այս պահը կուսակցությունը պաշտոնապես դեռ չի գրանցվել, ամենայն հավանականությամբ երկուշաբթի կգրանցեն, չնայած որ մենք ամսի 8-ից փաստաթղթերը հանձնել ենք», -ասաց պարոն Մարգարյանը։

Aravot.am-ի այն հարցին՝ կարծում եք դիտավորյալ չեն գրանցե՞լ, որ չհասցնեք մասնակցել ԱԺ ընտրություններին, մեր զրուցակիցն ասաց․«Ոչ, երբևէ այս մասին չեմ մտածել, գործերը շատ էին, օրենսդրությունը խստացած է և պետք է բոլոր փաստաթղթերը ներկայացնես՝ անձնագրերի պատճեններ և այլ, և այլն։ Նվազագույնը 800 կուսակցական պետք է ունենաս, չնայած մենք 1347 կուսակցական ունեինք գրանցման ներկայացնելու պահին, իսկ հենց հիմա 1964 կուսակցական ունենք։

Գործերը շատ են և պետք է հատ-հատ ստուգել։ Ժամկետ էլ տրված է մեկ ամսվա ընթացքում, լավագույն ցանկության դեպքում հազիվ 10 օրում գրանցեին։ Այսօր լրանում է 10-րդ օրը։ ԱԺ ընտրություններին մասնակցելը մեզ համար ինքնանպատակ չէր, մենք ստեղծել էինք կուսակցություն, որպեսզի մենք ինքներս մասնակցենք, չնայած երկու անակնկալի հանդիպեցինք, առաջինն այն է, որ մայիսին էինք պատրաստվում ընտրությունների, դեկտեմբերը բոլորիս անակնկալ էր։ Երկրորդը՝ մենք նախապատրաստվում էինք, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ պետք է լինի, բայց էլի այդ խայտառակ օրենսգիրքը հայտնի պատճառներով չընդունվեց, տապալվեց և գործ ունենք էլի ռեյտինգային ընտրակարգի հետ»։

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք ընտրություններին կարող էին մասնակցել նաև դաշինքով, սակայն օրենքը թույլ չի տալիս, եթե կուսակցությունը չունի  պետական գրանցում։

«Մեզ եղել են առաջարկներ գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից, որպեսզի մեզանից ներկայացուցիչներ մասնակցեն և՛ համամասնական ընտրակարգով, և՛ վարկանիշային։ Անձամբ ինձ և իմ թիմակիցներին տարբեր մարզերից, այդ թվում նաև Երևանից առաջարկներ եղել են, և  մեր կուսակցության քաղաքական թիմի վարչությունը երեկ դեռ սպասում էր, որ հնարավոր է գրանցումը հասցնեն։ Երեկ վարչության նիստ գումարվեց և միաձայն որոշվեց չմասնակցել։ Մենք կամ մասնակցում ենք արժանապատվորեն կամ չենք մասնակցում։

Ինքնանպատակ չէր այս ամենը, մենք հետևողականորեն կշարունակենք հետևել քաղաքական իրադարձություններին, կարծում եմ այս խորհրդարանը, որը կձևավորվի, լուրջ փորձառություն պիտի անցնի, խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությանը։ Մենք հետևողական կլինենք, կլինեն լավ գործեր, կողջունենք, կլինեն թերություններ, ծրագրերից շեղումներ, անպայման առողջ քննադատության կենթարկենք։ Եթե մասնակցեինք ընտրություններին, մենք լինելու էինք ընդդիմության դաշտում։  Ճիշտ է, ընտրությունների արդյունքներն են որոշում, թե ով է իշխանություն, ով ընդդիմություն, բայց դեռ ընտրությունը չսկսված՝ պարզ է, այսօր այն քաղաքական ուժը, այն քաղաքական գործիչները, այն անհատները, այն թիմը, որոնք կատարեցին թավշյա հեղափոխությունը, իրենք էլ պիտի շարունակեն՝ օրենսդիր իշխանության մեջ որակյալ մեծամասնություն կազմելով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930