Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնկրետ մարդկանց անուններ են նշված, կոնկրետ զենքի տեսակներ». Հայկ Ալումյան

Նոյեմբեր 15,2018 19:11

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարվեց մասնակի, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվեց:

Հիշեցնենք, ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր որոշեց մասնակի բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայցը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ, առաջին ատյանի եւ երկրորդ ատյանի դատարանները միմյանցից էապես տարբերվող որոշումներ էին կայացրել:

Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից: Որոշ ժամանակ անց ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է   այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ   Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր առաջին տպավորությունը բացասական է: Մանրամասն իր կարծիքը նա կհրապարակի որոշումը ստանալուց հետո: Նա չբացառեց, որ կդիմեն ՄԻԵԴ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանն այս գործով հատուկ կարծիք էր հայտնել: Ըստ Հայկ Ալումյանի, նիստի ժամանակ Սերժիկ Ավետիսյանի տված հարցերից, ինքը հասկացել է, որ նախագահի անձեռնմխելիության հետ կապված հարցերը ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն եւ դրանք ՍԴ-ի լուծմանը պետք է ներկայացվեն: Սերժիկ Ավետիսյանն առաջարկել է Վճռաբեկ դատարանի գործի վարույթը կասեցնել, հարցն ուղարկել ՍԴ:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն, ըստ Հայկ Ալումյանի, նիստի ժամանակ նաեւ անձամբ է իր փաստարկները ներկայացել, անդրադարձել է մեղադրանքի էությանը: Շատ մանրամասներ պաշտպանը չհրապարակեց, քանի որ նիստը դռնփակ էր:

Անդրադառնալով իրենց բողոքի հիմքերին էլ, Հայկ Ալումյանն ասաց, եթե գործը նորից Վերաքննիչ դատարան է գնալու`նոր քննության, այդ հիմքերն անիմաստ են դառնում: Քանզի պաշտպանների բողոքի հիմքերից մեկն էլ այն էր, որ Վերաքննիչ դատարանը մի շարք փաստարկների բավարար չի անդրադարձել: Հիմա, իրենք հետամուտ են լինելու, որ վերաքննիչ դատարանն ավելի մանրակրկիտ քննություն իրականացնի: Իսկ թե որո՞նք էին այդ փաստարկները, Հայկ Ալումյանը մանրամասնեց`արտակարգ դրություն հայտարարելու ՀՀ նախագահի հրամանագրի օրինակատարության հարցը ՍԴ-ի տիրույթում է, այլ ատյանի դատարան կամ դատավոր չի կարող դրա օրինականությունը վիճարկել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է որակել Ռոբերտ Քոչարյանի այդ հրամանագիրը: Երկրորդ հիմքն էլ այն է, որ մեղադրանքում կա «փաստացի ռազմական դրություն է մտցված եղել» ձեւակերպում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են ռազմական դրությունը բացառող նորմեր: Մեղադրանքում կան նաեւ ձեւակերպումներ, որ ցուցարարները եղել են խաղաղ եւ անզեն: Պաշտպանները վկայակոչել եւ ներկայացրել են, ըստ Հայկ Ալումյանի, տասնյակ վճիռներ, որոնք ապացուցում են ցուցարարների զինված լինելը. «Կոնկրետ մարդկանց անուններ են նշված, կոնկրետ զենքի տեսակներ: Մենք ասում են, որ մեղադրանքում չեն կարող լինել ձեւակերպումներ, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած վճիռներին»:

Հայկ Ալումյանն ասաց նաեւ, որ այսօր առավոտյան ինքը Վճռաբեկ դատարան է ներկայացրել 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են ցուցարարները ավտոբուսների ետեւից դուրս գալիս եւ կրակում: Այդ մասին, հիշեցնենք, դեռ այն ժամանակ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Տեսանյութն արդեն հրապարակվել է լրատվամիջոցներում:

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաեւ ՀՔԾ-ի`Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի ավելացման հայտարարությանը: «Իրավական որակումը չի փոխվել, ինչ հոդված եւ գործողություններ մեղսագրվում էին, նույնը մեղսագրվում է: Մեղադրանքի մեջ բառերի քանակն է փոխվել, ուրիշ ոչ մի փոփոխություն ես չեմ նկատել»,- ասաց նա`պատասխանելով հարցին, արդյոք մեղադրանքը ծանրացվել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930