«Մեր նախընտրական ցուցակը քաղաքական է եւ բավականին հաջողված: Բնական է, որ այն միանշանակ չէր ընդունվելու: Քննադատություններին ըմբռնումով ենք մոտենում, դա սպասելի էր»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին, ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանը:
Նա համակարծիք չէ այն անձանց հետ, որոնց խոսքով՝ դաշինքի ցուցակում տեղ են գտել միայն նրանք, ովքեր ժողովրդական շարժման օրերին քայլել են Փաշինյանի հետ միասին. «Մեր ցուցակը քայլողների ցուցակ չէ: Դրանում այնպիսի մարդիկ կան, որոնց համար ուրախ եմ»: Հրաչյա Հակոբյանը համաձայն չէ բնորոշումների հետ, որ իրեն ձայն են տալու նրա համար, որ ինքը Փաշինյանի տիկնոջ եղբայրն է:
Հակոբյանը մատնանշեց՝ մի քանի ամիս է, ինչ պատգամավոր է, բայց աշխատել է եւ աշխատում է, ու հենց այսօր էլ օրենքի նախագիծ է ներկայացրել. «Վստահ եմ, որ ինձ կընտրեն իմ աշխատանքի համար»: Հիշեցնենք, որ արտահերթ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ