Քիչ առաջ ավարտվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հանդիպումը փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ: Նախաձեռնության անդամները առաջարկներ են ներկայացրել կառավարությանը՝ հույս ունենալով, որ կքննարկի եւ աջ ղեկով մեքենաների բիզնեսով զբաղվող գործարարների խնդրին վերջնական լուծում կտա:
Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն ասաց, որ նոր առաջարկներով են հանդես եկել: Մասնավորապես՝ հարց են բարձրացրել, որ եթե մեքենայի գնորդը լինելու է ոչ ՀՀ քաղաքացի, ապա առուվաճառքի պայմանագրի հիման վրա թույլ տան, որպեսզի մեքենան մաքսազերծվի, հետո գրանցվի գնորդի անունով ու մեքենան հանեն Հայաստանից:
Առաջարկել են նաեւ ստեղծել տվյալների բազա եւ ով արդեն գնել է աջ ղեկով ավտոմեքենա, կոդերով լրացնի, որպեսզի ընդհանուր մեքենաների քանակն իմանան:
Ինչպես Դավիթ Գասպարյանն ասաց, հանդիպմանը ներկա է եղել նաեւ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: Կառավարության ներկայացուցիչները հորդորել են բոլոր այդ եւ այլ առաջարկները ներկայացնեն գրավոր՝ խոստանալով քննարկել եւ պատասխանել:
Ըստ Դավիթ Գասպարյանի, այս պահին էլ մոտ 320 աջ ղեկով ավտոմեքենա կա սահմանին եւ մարդիկ ֆինանսական վնասներ են կրում. «Մեքենաներն օր օրի ավելանում են: Եվ պետք է այդ հարցին շուտափույթ լուծում տալ»:
Այսօր նախաձեռնությունը փորձ է արել մի քանի րոպեով փակել Տիգրան Մեծ փողոցի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը, սակայն ոստիկանությունը արգելել է:
Միջադեպից հետո կառավարության պատասխանատուները խոստացել էին ժամը 15-ից հետո նրանց ընդունել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ