Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը հաստատել է նախկինում ընդունված որոշումը՝ հավաքների ժամանակ անօրինական ձերբակալումների մասին Ռուսաստանի իշխանությունների դեմ բերված քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցով:
Դատարանը վճռել է Ռուսաստանի իշխանություններից գանձել 50 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, 1025 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, և 12653 եվրո՝ որպես դատական ծախսեր:
Մեծ պալատը ընդունել է նաև, որ Նավալնիի նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը, որն արգելում է պետություններին սահմանափակումներ դնել այլ հոդվածներով երաշխավորված իրավունքների վրա (Նավալնիի դեպքում դա հավաքների ազատության իրավունքն է և անձնական անձեռնմխելիության իրավունքը): Դատարանի նախնական որոշման մեջ այդ հոդվածի խախտումը չէր հիշատակվում:
Նավալնիի հայցը վերաբերում է յոթ ձերբակալումների, որոնք տեղի են ունեցել 2012-2014թթ.: Գործով առաջին որոշումն ընդունվել էր 2018թ. փետրվարին, որը Ռուսաստանը բողոքարկել էր:
Նոյեմբերի 13-ին Նավալնիին, որը պատրաստվում էր մեկնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստին, հրաժարվել են թույլ տալ գնալ արտասահման: Այդ մերժման պատճառը «Կիրովլեսի» գործով չվճարված տուգանքն էր. ինքը՝ քաղաքական գործիչը, նշել էր, որ կատարողական վարույթի սկսման պահից չէր անցել հինգ օր, որոնք օրենքով տրվում են պարտապանին տուգանքի ինքնակամ վճարման համար: Նավալնիի կողմից տուգանքի մարումից հետո ելքի արգելքը հանվել էր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ