Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Հաջորդ ընտրությունները կունենանք 2023-ին. մինչեւ հիմա որեւէ գործողություն հակասահմանադրական չի եղել»

Նոյեմբեր 15,2018 17:11

«Մենք հաջորդ ընտրությունները կունենանք 2023 թվականին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Aravot.am-ի այն հարցին, որ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հայտարարել է՝  «…համոզված եմ, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու՝ 1-2 տարի։ Բանն այն է, որ ժողովուրդը սովորեց, թե ինչպես կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել… Պառլամենտը սովորեց, թե ինչպես է հնարավոր հակասահմանադրական ճանապարհով պառլամենտական ընտրություններ անցկացնել»: Այս առնչությամբ Հարությունյանը նաեւ ասաց. «Որեւէ գործողություն մինչեւ հիմա հակասահմանադրական չի եղել, դա շատ հստակ ֆիքսվել է, բոլոր մեր գործողությունները եղել են Սահմանադրության շրջանակներում»:

Դիտարկմանը՝ ըստ մամուլի հրապարակումների, Հարությունյանը հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին, եւ որ այս պաշտոնի համար ՔՊ-ում «պայքար է», Հարությունյանը պատասխանեց. «Ընտրությունների արդյունքներն ու թիմային քննարկումները ցույց կտան, թե ով է իրական հավակնորդը եւ ով կհավակնի այդ պաշտոնին»: Ճշտող հարցին՝ ինքը դեմ չի՞ լինի այդ պաշտոնին, Հարությունյանը պատասխանեց՝ «Քաղաքական գործիչը, որը գործընթացներին մասնակցում է, իր համար նման սահմանափակումներ չկան, յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնի»:

Լրագրողների դիտակմանը, որ ՀՀԿ-ականները կոչ են անում՝ պետք չէ մեծամտանալ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք մեծամիտ չենք, մասնավորապես, ես 2 օր առաջ հարցազրույցների ժամանակ նշել եմ, որ յուրաքանչյուրին մրցակից ենք համարում»:

Արայիկ Հարությունյանն անդրադառնալով Արմեն Աշոտյանի՝ «Եթե ձեր ցուցակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ տեղում՝ Նիկոլի կեպկեն, 3-րդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու», հայտարարությանը, ասաց. «Ես ցավում եմ, որ Արմեն Աշոտյանը իրեն մրցակից է համարում այդ կոմպոնենտը»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն նկատի ունի ՔՊ-ում միակ հեղինակությունը Փաշինյանն է եւ ընտրությունների արդյունքներն էլ նրա անվամբ են պայմանավորում, Հարությունյանն ասաց. «Կառավարությունը թիմային աշխատանք է: Ուսումնասիրեք անցած տարվա ռեյտինգային ընտրությունները եւ կտեսնեք, թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այդ տարածքներում եւ այդ սահմանափակումների պարագայում որքան շատ ձայներ են հավաքել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930