Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Չալդրանյան. «Ես կառչած չեմ պաշտոնից, թատրոնն էլ պատժիչ գաղութ չէ»

Նոյեմբեր 15,2018 17:01

Տեղեկացրել էինք, որ Համազգային թատրոնում լարված վիճակ է, եւ տապալվել են «Համլետի» փորձերը, դերասանները պահանջում են, որ Վիգեն Չալդրանյանը հրաժարվի թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոններից, ինչը ռեժիսորը ահաբեկչություն եւ շանտաժ է որակում:

Ասում է, որ երբ 2016 թ. դեկտեմբերին այն ժամանակվա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իրեն ներկայացրեց որպես գեղարվեստական ղեկավար, ականջին հասել էին շշուկներ, թե ինչու դերասաններին տեղյակ չեն պահել ու «դրսից» են մարդ բերել, երբ նրանք արդեն իրենց մեջ դերաբաշխում էին կատարել: Վիգեն Չալդրանյանն ընդգծում է, որ թատրոնի տնօրենն էլ օրինական կարգով ու մրցույթով է ընտրվել, ստանձնել է առաքելություն եւ ոչ թե պաշտոն, խոստացել է նշաձողը որակի եւ ճաշակի առումով բարձր պահել ու կատարել է խոստումը: Նա թվարկեց թատրոնում արված աշխատանքները` սկսած բարձր գնահատականի արժանացած «Սանտա կռուզ» ներկայացումից, ավարտած թատրոնի շենքի հարցով, դերասաններին նախագահական մրցանակի ներկայացնելով:

Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ ժողովրդավար սկզբունքներով է ղեկավարել թատրոնը, առաջարկել է, որ կոլեկտիվի ընտրած ռեժիսորը ներկայացում բեմադրի, ու Դավիթ Հակոբյանը բեմադրել է «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը»՝ ըստ Չալդրանյանի եւ Գուրգեն Խանջյանի պիեսի: Ասում է` ներկայացումը փառաբանվել է, ինքն էլ արցունքներով է խոսել դրա մասին, մատյանում գեղեցիկ կարծիքներ են գրվել: Չնայած դժգոհություններին, փորձել է խաղացանկում պահել նաեւ հին ներկայացումները, մինչեւ նորերը բեմադրվեն, օրինակ, «Սանտա կռուզը» 15 առաջնախաղ է ունեցել: Դերասանների ցանկությամբ նաեւ Ժիրայր Փափազյանին են հրավիրել, որ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկը» բեմադրի, պետությունից էլ գումար չեն խնդրել, արտաբյուջեի հաշվին պետք է ամեն ինչ արվեր:

Չալդրանյանն ընդգծում է. «Թատրոնն ականապատված մի դաշտ է, պետք է այնպես քայլես, որ որեւէ ականի չդիպչես… Ես անկեղծ նվիրվել եմ, հավատացել եմ իրենց: Ես դերասան պաշտող մարդ եմ եւ խնդրել եմ իմ բարությունը չշփոթել թուլության հետ»: Նա հավելում է, որ հաճախ է բախվել որոշ դերասանների հավակնություններին, ոմանք հրաժարվել են երկրորդական դերեր խաղալ, եղել է, որ բացակայել են աշխատանքից, բայց ինքը հանուն թատրոնում ներդաշնակության եւ բարեկամական մթնոլորտի, նման բաներին սուր չի արձագանքել, մինչդեռ հղում անելով Աշխատանքային օրենսգրքի վրա, կարող էր այլ միջոցների դիմել:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Շեքսպիրի «Համլետին», որը նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին եւ դեռեւս 4 տարի առաջ բեմադրվել էր իր կողմից: Դա նախկինում էլ աղմուկ հանած ներկայացում է եղել, եւ Չալդրանյանի հավաստմամբ, Մեծ Բրիտանիայի դեսպանն անգամ ասել է, որ միջազգային չափանիշներով ներկայացում է:

«Եվ այս ամենից հետո ինձ մոտ մտնում են 10 դերասան եւ խոսում են ողջ կազմի անունից, որ չեն ուզում ինձ հետ աշխատել, ասում եմ` պատճառաբանեք: Ասում եմ` մյուսների անունից էլ եք խոսում: Ասում են` իրենք մեր կողմից են: Ասում եմ` բայց սա թատրոն է, որտեղ 20 դերասան է աշխատում, 28-ն էլ տեխնիկական կազմից է: Ասում են` թատրոնը դերասանների սեփականությունն է: Ես դերասաններից մեկին ասացի, որ եթե վաղը բերեն կադաստրի թուղթը, որ թատրոնն իրենց սեփականն է, ես պատրաստ եմ այստեղից դուրս գալ` տեխնիկական կազմի հետ: Ասացի` որոշել եք տապալե՞լ Սոս Սարգսյանի հիշատակին նվիրված «Համլետը»…Ասացին, որ կդիմեն ուրիշ միջոցների, եթե չհրաժարվեմ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ասացի, որ 10-ով 38 հոգու անունից չեք կարող խոսել, սարերում եւ անտառներում չենք ապրում, հաստիքացուցակում եղած յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խոսքն ասելու»,-պատմում է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նաեւ հավելում, որ մի քանի օր դադար են տվել, որպեսզի կրքերը հանդարտվեն, նոր փորձերը վերսկսվեն, սակայն նորից 5 դերասան չի ներկայացել փորձի: Երբ բացատրություն է պահանջել դերասանական խմբի ղեկավարից, Չալդրանյանի ձեւակերպմամբ, նա դերասաններին դասակարգել է հների ու նորերի` համապատասխան իրավունքներով:

«Փորձեցի բացատրել, որ սա ոչ պատժիչ գաղութ է, ոչ էլ բանակային օրենքներ են գործում, սա մշակութային օջախ է: Այստեղ չկան «սալաբոններ», «դեմբելներ», հնաբնակներ, նորաբնակներ…Սա պետական կառույց է, եւ եթե դուք իսկապես կբերեք կադաստրի թուղթը եւ կասեք, որ սա ձեր սեփականությունն է, որեւէ մեկը ձայն չի հանի, ու քանի դեռ չեք բերել, ձեր միակ սեփականությունը մնում է ձեր տաղանդը, որը ունեք կամ չունեք: Որեւէ բան այս թատրոնում ձեր ու իմ սեփականությունը չէ, սեփականատերը պետությունն է…Ասացի ձեր բողոքը ուղղեք նախարարությանը կամ գնացեք սեփականաշնորհեք թատրոնը»,- պատմեց Վիգեն Չալդրանյանը:

Նա տեղեկացրեց, որ ավելի ուշ իրեն ասել են, որ չեն տապալի փորձերը, եթե հրաժարվի եւ գեղարվեստական ղեկավարի, եւ տնօրենի պաշտոնից: «Սա նման է տեռորիստների գործողություններին, որ ինքնաթիռում պատանդներ են վերցնում ու ասում են կպայթեցնենք…»,- տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը: Նաեւ մեջբերում է դերասանական խմբի ղեկավարի խոսքը. «Ասում է` ո՞նց եղավ, որ ամբողջ ազգը կանգնեց Սերժն Սարգսյանի դեմ, ինքը հրաժարական տվեց, դուք էլ հեռացեք: Ասացի, որ պետք է պատճառաբանեք: Ասում են` դուք մեր աշխատավարձը չբարձրացրիք, ասում եմ` ինձանից առաջ էլ չի բարձրացել, իմ օրոք էլ չի բարձրանալու, ինձանից հետո էլ չի բարձրանալու՝ մինչեւ կառավարությունը լուծում չտա, այնպես որ, դա իմ վզին մի փաթաթեք»:

Վիգեն Չալդրանյանը հայտարարում է. «Որեւէ պատճառ թույլ չի տալիս օրենք ունեցող երկրում շանտաժի ճանապարհով մարդուն ստիպել հրաժարական տալ: Ես նշանակվել եմ նախարարի կողմից, եւ ինձ ազատողը հենց նախարարն է: Ասում են` ձեզ հետ լավ է, որպես ռեժիսոր, բայց հրավիրված ռեժիսոր, մենք ձեզ ղեկավար չենք ուզում…Իսկ այստեղից ես կարող եմ մի հետեւություն անել` ձեզ համար սա աթոռակռիվ է, ինձ համար՝ ոչ: Սա ինձ համար առաքելություն է, ես կառչած չեմ պաշտոնից, ես կառչած եմ իմ ճշմարտությունից»:

Կապվեցինք նաեւ դերասաններից մի քանիսի հետ, որոնք չեն ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել Համազգային թատրոնի ղեկավար պաշտոններում:

Aravot.am-ի հետ զրույցում Արման Նավասարդյանն ասաց, որ ողջ կոլեկտիվը սպասում է նախարարի հետ հանդիպմանը եւ միայն դրանից հետո համապատասխան մեկնաբանությամբ հանդես կգան:

Հարցրինք` այնուամենայնիվ, ինչով չի բավարարում Վիգեն Չալդրանյանը: «Մի ամբողջ նյութ կարող եք գրել, թե ինչու ենք ուզում, որ հրաժարվի, բայց եկեք այդ մասին խոսենք նախարարի հետ հանդիպումից հետո»,-ասաց դերասանը:

Վիգեն Չալդրանյանի հեռացումը պնդող դերասաններից Ստեփան Ղամբարյանի հետ էլ խոսեցինք: «Մեր մեկնաբանությունները կանենք այն ժամանակ, երբ հանդիպենք նախարարի հետ: Մինչ այդ կոռեկտ չենք համարում բարձրաձայնելը խնդրի մասին»,-ասաց Ղամբարյանը:

«Ես ուզում եմ նաեւ հերքել իր ասածը, թե մի խումբ դերասաններ են, դա դերասանների մի խումբ չէ, այլ ամբողջ դերասանակազմը, շուրջ 17-18 հոգի, իսկ իր նշած 6 հոգին «Համլետ» ներկայացման մասնակիցներն են, որոնք փորձի չեն գնում, որովհետեւ դա պայքարի ձեւ են համարում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Համազգային թատրոնի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Դու կինոդ նկարի էլի, Վիգեն ջան, ի՞նչ կապ ունես թատրոնի հետ: Ամիրյանի հերթական սխալ քայլը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930