ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը փոփոխություններ է կրել, քանի որ նոր դեմքեր են ընդգրկված: «Հասարակությունը կասի՝ դա շահո՞ղ ցուցակ է, թե ոչ: Կարծում եմ՝ շահող է: Բոլոր այն «օդիոզ»-դեմքերը, որոնց պատճառով մեզ մեղադրում էին, այսօր ՀՀԿ-ի ցուցակում չկան: Նրանք ՀՀԿ-ի հետ չեն, այլ անցել են գործող իշխանության կողմը կամ չեն անցել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարգարիտ Եսայանը:
Նրա գնահատմամբ՝ ՀՀԿ-ի մասնակցությունն այս ընտրություններում ճիշտ է. «ԱԺ-ում պետք է լինի իսկապես պրոֆեսիոնալ ընդդիմություն, որպեսզի չունենանք միակուսակցական համակարգ: Կարծում եմ՝ մեզ վտանգներ են սպասվում արտաքին քաղաքական դաշտում եւ արցախյան հիմնախնդրում, ուստի պետք է լինի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը բավարար տեղեկատվության կրող է: Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն լինի նոր խորհրդարանում»:
Մարգարիտ Եսայանը նաեւ վստահեցրեց, որ ՀՀԿ-ական նախկին մարզպետերն ու այլ պաշտոնյաներն այսօր լծակներ չունեն, իսկ այն փաստը, որ նախընտրական ցուցակում ներգրավված է նրանց մի մասը, խոսում է վերջիններիս նվիրվածության մասին:
https://www.facebook.com/aravot.am/videos/271090240269973/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ