«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի դիտարկմամբ, խորհրդարան անցնելու ամենամեծ շանսն ունի «Իմ քայլը» դաշինքը:
«Ինձ համար կարևոր է, որ այս խորհրդարանը լինի անցումային եւ 2 տարի հետո լինեն նոր ընտրություններ եւ ձևավորվի նոր ԱԺ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արա Պապյանը՝ նկատելով, որ ՀՅԴ-ի վարկը շատ ցածր է. «Շատերը դուրս են եկել ՀՅԴ -ից եւ անդամագրվել «Սասնա Ծռերին»։ Նրանք շատ հանգիստ կստանան 7-8 տոկոս ձայն»։
Նրա համոզմամբ, մյուս կուսակցությունների դիրքորոշումներն Արցախի մասին հստակ չեն, իսկ «Սասնա Ծռեր» կուսակցությունը հստակ հանդես է գալիս տարածքները չհանձնելու դեմ:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ չի հավատում Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե դեկտեմբերի 9-ին լավ ընտրություններ ենք ունենալու.
«Սա մեկ անձի շուրջ իրականացվող ընտրություններ են լինելու»:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ձեւակերպմամբ, կուսակցություններն առաջիկա ընտրություններին կպայքարեն գաթայի նույն կտորի համար: Նրա վերլուծությամբ, կուսակցություններից տասը հանդես են գալիս նոր կարգախոսով, դեմ են արտահայտվում ՀՀԿ –ին, առաջատարն էլ «Իմ քայլը» դաշինքն է. «ԲՀԿ, ՀՅԴ եւ «Լուսավոր Հայաստանը» բավականին խնդրահարույց վիճակում են։ «Սասնա Ծռեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանն էլ քչերին է հայտնի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ