«Ես որեւէ հարկային արտոնության կողմ չեմ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք պոպուլիստական քայլ չէ կառավարության այն նախաձեռնությունը, ըստ որի անհատ տաքսիստներին ազատելու են հարկերից՝ արտոնագրային վճարներից: Մեր հարցին՝ արդյոք դա արդարացի որոշում է եւ ինչո՞ւ արտոնություն տալ անհատ տաքսիստներին, եւ ոչ այլ խմբի անձանց, Անանյանը պատասխանեց. «Եթե որոշակի անձանց կամ որոշակի խմբի հարկ վճարողներին արտոնություն են տալիս, միշտ էլ անհավասարության զգացողություն լինելու է»:
Անանյանը նաեւ ասաց՝ եթե կառավարությունը որոշում է, որ այս կամ այն բնագավառին պետք է արտոնություններ տրամադրվեն, այդ քննարկումների ժամանակ հավասարակշռված որոշումներ են կայացնում. «Հետեւաբար՝ կամ արտոնությունների անբարենպաստ հետեւանքները բյուջետային եկամուտների վրա մենք մեղմելու ենք հարկային վարչարարությամբ, այսինքն՝ ստվերի հաշվին, կամ օրենսդրական այլ փոփոխություններով»:
Մեր այն հարցին էլ՝ արդյոք իր հետագա՝ արտահերթ ընտրություններից հետո պաշտոնավարումը քննարկել են Նիկոլ Փաշինյանի հետ, Անանյանը պատասխանեց. «Պարոն վարչապետի հետ իմ պաշտոնավարման շարունակականության հարց ո՛չ եղել է, ո՛չ էլ քննարկվել է, բայց դա չի նշանակում, որ ես անփոխարինելի եմ»:
Մեր ճշտող հարցին՝ իսկ ինքը ցանկություն ունի՞ մնալու, Անանյանը պատասխանեց. «Ես ուզում եմ կամ չեմ ուզում՝ բացարձակ կապ չունի, որովհետեւ ես իմ մասնագիտությամբ կարող եմ ցանկացած տեղ աշխատել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ