Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներին ուզում են հնարավորություն տալ ուսման վարձը վճարել ամսական, ոչ թե միանվագ

Նոյեմբեր 15,2018 16:09

Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է, որ բուհերում սովորող ուսանողները, որոնք սովորում են վճարովի հիմունքով, այլեւս դուրս չմնան բուհերից՝ գումարը անհրաժեշտ պահին չվճարելու հիմքով:

Առաջարկվում է, որ ուսանողները հնարավորություն ունենան գումարները վճարել ամսական տարաժամկետմամբ, ոչ թե միանվագ ու չլինի պարտադրանք՝ «մինչեւ գումարը չբերես՝ դասի չենք թողնելու»: Ուրիխանյանն ասաց, որ եթե վաղը քվեարկությանը պատգամավորները չգան նիստին ու քվորում չլինի, այդ բացակա պատգամավորների անունները դաջվելու են առնվազն ուսանողների հիշողության մեջ:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ եթե ուսանողին տրվի տարաժամկետ վճարելու հնարավորություն, արդյո՞ք դա չի առաջացնի բուհի ֆինանսական ծախսերի պրոբլեմ, այնպես չստացվի, որ բուհը գնա վարկ վերցնի ստիպված, տոկոսներ մարի, որ կարողանա իր ծախսերի անընդհատությունն ապահովել:

Ուրիխանյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվել է բազմաթիվ բուհերի ղեկավարների հետ. «Բուհերը հիմնականում իրենց ֆինանսական հոգսերը հոգում են ամսական կտրվածքով, դա լինի աշխատավարձ, կոմունալ վճարում եւ այլն: Գումարի չափը չի փոխվում: Կարող են ուսանողի նկատմամբ սանկցիա կիրառել, եթե նա չի կատարում իր ամսական պարտավորությունը»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ ժամանակին հիփոթեքային վարկերի ժամանակ հնարավորություն տվեցին եկամտահարկի գումարով փակել վարկի տոկոսները, արդյոք հնարավոր չի՞ ուսանողական վճարի մեջ այդ հնարավորությունն ուսումնասիրել: Ուրիխանյանը պատասխանեց, որ ինքն էլ է օգտվել այդ հնարավորությունից վարկով տուն կառուցելու եւ եկամտահարկի վերադարձից օգտվելու, դա հիանալի ծրագիր էր եւ եթե պետությունը ֆինանսական միջոցներ կգտնի դա անել նաեւ ուսանողների դեպքում, լավ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930