Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը վստահեցրեց՝ նոր քաղաքական մշակույթ են բերելու:
Նա նշեց, որ իրենք աջ կենտրոնի քաղաքական դիրք զբաղեցնելու հավակնություն ունեն:
«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողները Լևոն Շիրինյանից հետաքրքրվեցին՝ ո՞ւմ է մրցակից տեսնում և արդյոք խորհրդարան մուտք գործելով՝ չի՞ավարտվի նրա՝ քաղաքագետի կարիերան, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Ես քաղաքագետ եմ. ժողովուրդը ճիշտ կանի՝ ինձ ընտրի, որ իմ կոլեգաներով խնդիրները բարձրացնենք: Մտնում ենք քաղաքական պայքարի մեջ թավշյա հեղափոխության իդեալները պաշտպանելու նպատակով, նախկին ռեժիմի վերականգնումը թույլ չտալու նպատակով, քրիստոնեական արժեքների, բարոյականության վերադարձի պայքարի համար»:
Դառնալով մյուս ուժերի հետ համագործակցությանը՝ նշեց. «Չենք համագործակցի երրորդ հանրապետության ճահիճը կերտողների հետ: Միանալ դժվար թե որևէ ուժի, քանի որ քրիստոնեա-դեմոկրատները ո՞ւմ հետ պիտի միանան. իր հետ կարող են միանալ: Մերը մշակված քաղաքական գիծ է. ո՞ւմ միանանք՝ արևմտամետի՞ն, հյուսիսամետի՞ն»:
Իր ընտրվելու հնարավորությունը կատակով գնահատեց 120 տոկոս: Նա նշեց, որ կոնկրետ կանխատեսում կանի այն ժամանակ, երբ ձեռք կտա իրեն և ձեռք չի տա մյուս ուժերին:
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մարիամ Մանուկյանը նշեց՝ ցուցակի 30 տոկոսը կանայք են: Այնուհետև մանրամասնեց. «Շերտային հետազոտություններ ենք անելու, թե մարզերում և հատկապես գյուղական շրջաններում ինչ խնդիրներ կան: Մեր գիտատեխնիկական խումբը նոր ձևաչափեր ու առաջարկներ կմշակի և կկարողանանք խնդիրների լուծումը ներդնել դեպի նոր ու հետաքրքիր ապագա ունեցող Հայաստան»:
Հարցին՝ եթե չընտրվեն ու չանցնեն խորհրդարան ինչպե՞ս են պատկերացնում իրենց գործունեությունը, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Կատաստրոֆա չի լինելու, եթե չընտրվենք: Կարևորը Հայաստանն է: Առաջին հերթին արդյունաբերողներն են մեզ պաշտպանելու, մշակույթի իսկական գործիչները, տաքսու վարորդները մեզ հետ են լինելու: Բոլոր գեղեցկուհի կանայք ու աղջիկները մեզ հետ են լինելու: Այս ընտրարշավում արյունակցական կերպարի վրա կազմված հարաբերությունները ջարդելու ենք»:
Ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Սուքիասյանը հիշեցրեց՝ եղել է քաղաքական հակամշակույթ, կեղծված, ապօրինի ընտրություններ, նաև ընտրական արյունակցական կապերով քաղաքական կյանքի ձևավորում: Ուստի նոր քաղաքական մշակույթ է պետք. «Մենք պիտի նոր քաղաքական մշակույթ ձևավորենք: Այն պիտի լինի դեմոկրատական: Մեր պահպանողականությունը պրոգրեսիվ է, նաև կողմ ենք այն պառլամենտարիզմին, որը ոչ թե կառաջնորդվի ընդդիմություն- իշխանություն մեխանիկական հակադրության սկզբունքով, այլ որտեղ կլինեն իրական աջեր, ձախեր ու կենտրոն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ