Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Գազպրոմ Արմենիայի» որոշակի վարքագծին քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն է առաջացել»

Նոյեմբեր 15,2018 16:02

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են չակերտավոր ասած՝ «պլանային ստուգումներ»: Այսինքն՝ 2018 թվականի հուլիսի 1-ից 2019-ի հունիսի 30-ի ժամանակահատվածի համար ՊԵԿ-ն այս տարի հրապարակել է ռիսկերի հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ «Գազպրոմ Արմենիան» էլ է ընդգրկված»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայում» իրականացվող ստուգումներին:

«Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտման ընթացքում ստուգում իրականացնող հարկային ծառայողները որոշակի տեղեկատվություն են բացահայտել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն եւ հաղորդում է տրվել համապատասխան մարմին՝ հետագա ստուգումներ իրականացնելու համար»,-ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաեւ ասաց. «Որոշակի վարքագիծ, որոշակի գործողություններ, տնտեսական գործունեությանն առնչվող որոշակի գործարքներ կամ հիմնական միջոցների, կապիտալ շինարարության, կորուստների հետ կապված, որոնք առնչվում են գազի փոխադրման հետ, այս տեղեկատվության առնչությամբ հայտնաբերվել են այնպիսի կասկածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել այդ վարքագծին քրեաիրավական գնահատական տալու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին՝ հայտնաբերված խախտումները հետագայում հնարավո՞ր է ազդեցություն ունենան գազի սակագնի վրա, Անանյանը պատասխանեց՝ «Այս հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել: Մենք հիմա ունենք երկու անհայտով հավասարում, նախ պետք է կորուստները բնորոշվեն ոչ տեղին կամ ասել, որ իրոք կորուստները տեղի են ունեցել: Եթե կորուստներ չեն եղել, բնականաբար, սակագնի վերանայման անհրաժեշտություն հնարավոր է, որ չլինի: Բայց դա արդեն ՊԵԿ-ի գործառույթի շրջանակներում չէ: Դրանք կարող են առնչվել կորուստների հետ, բայց այդպիսի շեշտադրումներ այս պահին չանենք, որովհետեւ այդպիսի նպատակադրումներ այս պահին չկան»:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում վերջին անգամ ստուգումներ են իրականացվել 2016 թվականի դեկտեմբերին:

Այս գործում կա՞ որեւէ կապ գազալցակայանների հետ, հարցին ի պատասխան էլ Անանյանն ասաց, որ նախկինում գազալցակայաններում ստուգումների ժամանակ գազալցակայանների գործունեություն իրականացնող որոշ հարկ վճարողների վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր. «Ստուգումների ժամանակ կորուստներին առնչվող այն տեղեկատվությունը, որ բացահայտել ենք, կարող է առնչվել գազալցակայանների գործունեությամբ զբաղվող մնացած հարկ վճարողների գործունեությանը: Այստեղ «Գազպրոմ Արմենիայի» եւ գազալցակայանների գործունեությունը կարող է խաչվեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին, հնարավո՞ր է ՊԵԿ նախկին ղեկավարությունը աչք է փակել այդ խախտումների վրա, հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանը հետո նշանակվեց ՊԵԿ նախագահ, Անանյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ ունենամ այդպիսի կասկածներ, այդ կասկածները բարձրաձայնելու որեւէ իրավական հիմք չունեմ: Կարող է, օրինակ, քննիչը որոշում կայացնի եւ վերստուգում նշանակի նաեւ նախկին ժամանակաշրջաններում կատարված ստուգումների վրա: Եթե այդպիսի որոշում կայացնի քննիչը, հնարավոր է ձեր կասկածները հերքվեն կամ հաստատվեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930