Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» գտնում է, որ ՊԵԿ-ի մեղադրանքները վնասում են ընկերության հեղինակությունն ու բարի համբավը

Նոյեմբեր 15,2018 15:58

«Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադեւոսյանն այսօր Պետական եկամուտների կոմիտեի՝ՊԵԿ-ի երեկվա տարածած հաղորդագրության առնչությամբ ընկերությունում ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանումներ ներկայացնելու: Պարոն Թադեւոսյանն ասաց, որ ՊԵԿ-ի մեղադրանքները արատավորելու են ընկերության եւ նաեւ ռուսական «Գազպրոմ»-ի բարի համբավն ու հեղինակությունը: Ըստ տնօրենի, «Գազպրոմ Արմենիան» աշխատում է հարկային օրենսդրությանը համապատասխան, իր վճարած հարկերով հարկատուների ցանկում առաջին տեղում է, ամեն տարի էլ, որպես լավագույն հարկատու, հենց ՊԵԿ-ից հավաստագրեր է ստանում:

Վերջին հավաստագիրն այս տարի է ստացել՝ սեպտեմբերին:

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտվել են մի շարք խախտումներ եւ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր:

Ասուլիսին հրավիրված էր նաեւ ՊԵԿ ներկայացուցիչ, սակայն նա ներկա չէր:

Պարոն Թադեւոսյանը նորմալ, աշխատանքային գործընթաց է համարում ՊԵԿ-ի հետ առաջացած այս խնդիրը, սակայն վիրավորված է, որ այն հրապարակային է կատարվում՝ առանց իրար մեջ քննարկելու, ճիշտն ու սխալը հասկանալու:

Նրա խոսքով. «Եթե փորձում են նյութ գցեն, չե՞ն կարծում, որ պետք է լինի երկկողմանի, գային, քննարկեինք, հասկանայինք: Տեքստում գրված է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը հունիս-հուլիս ամիսներին հունվար-մայիսի նկատմամբ 3 անգամից ավելի նվազել է: Պարզվել է, որ ԱԳԼՃԿ-ին մատակարարված բնական գազի ծավալները ավելացել են շեշտակի: Չի կարելի համեմատել հունվարն ու ամառը, այո՛, աճը եղել է: Եթե 46 միլիոն խորանարդ մետր գազի աճը ԱԳԼՃԿ-ում կապում են 46 միլիոն գազի ստեղծման հե՞տ: Ո՞նց կարող է 1.2 կորուստը դառնա 46 միլիոն ավելցուկ»:

Հրանտ Թադեւոսյանը հայտարարում է, որ «Գազպրոմ Արմենիան» ոչ մի հարկ էլ չի թաքցրել եւ պատրաստ է բոլոր ատյաններում իր ճիշտն ապացուցել:

Նա գտնում է՝ ՊԵԿ-ի մեղադրանքն անհիմն է, քանի որ ձմռանը կորուստներն ավելի բարձր են, քան՝ ամռանը «Դա ոչ միայն 2018թ.-ին է այդպես եղել, այլեւ՝ մյուս տարիներին: Եթե ուսումնասիրել են 2016, 2017, 2018 թթ., ապա տեսել են, որ այդ տարիներին եւս ձմռան ամիսներին կորուստներն ավելի շատ են եղել: Այդպես եղել է ու լինելու է: Կան մի շարք պատճառներ: Հայաստանում 14 հազար արդյունաբերական ու կոմունալ սպառողների հաշվիչները համալրված են էլեկտրոնային ճշտիչներով: Նրանք գազը ե՛ւ ձմռանը, ե՛ւ ամռանը չափում են իրական ցուցիչներով:

Ապա ընկերության ղեկավարը այդ ամենը բացատրեց ֆիզիկայի օրենքներով:

Պարոն Թադեւոսյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այդ հիմքով:
Aravot.am-ի հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է ՊԵԿ-ի գործողություններում, պարոն Թադեւոսյանն ասաց, որ ինքը քաղաքականությանը չի խառնվում:

Ընկերության տնօրենը նաեւ նշեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները լրացուցիչ 7.5 միլիարդ դրամ աշխատավարձ են ստանում ռուսական «Գազպրոմ»-ից: Ըստ Հրանտ Թադեւոսյանի, ժամանակին բաշխման համակարգում 30 տոկոս կորուստ է եղել, բայց հիմա լավագույններից մեկն են աշխարհում բաշխման համակարգի առումով:

Թադեւոսյանը կասկածներ ունի, որ իրենց հետ կապված խնդիրը ՊԵկ բարձրագույն ղեկավարությանը ճիշտ չի ներկայացվել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930