«Հայաստանի խորհրդարանի 105 պատգամավորներից 101-ը Հայոց առաքելական եկեղեցու քրիստոնյա դավանաբանական ուղղության հետեւորդներ են, բայց պարզվում է՝ ես, որ այդ հավատալիքների ուղղվածությունը չունեմ, ավելի շատ շահագրգռված եմ, որ վեհափառի համար երաշխիքներ ստեղծենք, քան այն քրիստոնյաները, որոնց պարտականությունների մեջ է դա մտնում»,- այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀԿ խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկում են, որ ի թիվս վարչապետի, ԱԺ նախագահի, նախագահի, պետական պարտադիր պահպանություն տրամադրեն նաեւ կաթողիկոսին:
Ըստ Մախմուդյանի, պետք չի վեհափառի անվտանգությունը թողնել, որ վարչապետը որոշի՝ դա բռնություն է, թե բռնություն չի, սպառնո՞ւմ է ինչ-որ բան կաթողիկոսի անվտանգությանը, թե՞ չի սպառնում. «Եթե վեհափառը կգտնի, որ ինքը նման պահպանության կարիքը չունի, ինքը շնորհակալություն կհայտնի եւ կհրաժարվի դրանից, բայց մենք պիտի օրենքով երաշխիքներ ստեղծենք: Գնդեվանքում ամռանը տեղի ունեցած գործընթացների օրինակը կա, երբ վեհափառի հագուստից էին քաշում, իմ ու ձեր պատկերացմամբ դա կարող է բռնություն չլինել, որպեսզի բանավեճերի տեղիք չտա, այս երաշխիքը պետք է սահմանել, եթե վեհափառը կգտնի, որ իր համար դա բռնություն չի՝ որեւէ խնդիր չի կարող առաջանալ»:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ այս օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը չէր լինի, եթե չունենայինք իրողության փոփոխություն, մինչ այս նման հարց չի առաջացել. «Որեւէ մեկի մտքով չի անցել, որ մի խումբ մարդիկ կարող են գնալ վեհարան, անկարգություններ անել այնտեղ, կարող են շրջափակել Մայր աթոռը: Որեւէ հայ քրիստոնյայի եւ այլ կրոնական ներկայացուցչի մտքով դա չի անցել: Բայց քանի որ մենք այսօր ՀՀ-ում ունենք իրողության փոփոխություն, այս իրողությունը պահանջում է օրենքներով համապատասխան տեսքի բերել այն վիճակը, որն ունեցանք վերջին ամիսներին: Կան սրբություններ, կան մարմիններ, որոնց անվտանգությունը պետք է ապահովել: Ուղղակի ապշած եմ կառավարության բացասական եզրակացությունից, երբ ասում են՝ վտանգ չի սպառնում: Երբ որ ինչ-որ մարդիկ քաշքշում էին վեհափառին, ոստիկանությունը կարող էր միջամտել, ինչը չեն արել, երբ որ ինչ-որ մարդիկ մտան տարածք ու այնտեղ նստացույց արեցին, ոստիկանությունն անգործության էր մատնված: Դրա համար երկիրը կառավարվում է օրենքով: Մենք պիտի սա օրենքով սահմանենք, որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանը փոփոխված իրողության պայմաններում դառնում է ոչ օրենքի երկիր»:
Միհրան Հակոբյանն էլ ասաց. «Այ, եթե «Կյանքի խոսքի» առաջնորդի անվտանգությանը ինչ-որ բան կսպառնա, էդ ժամանակ թող մեր վարչապետը որոշի՝ տրամադրե՞լ, թե՞ չտրամադրել պետական պահպանություն, իսկ հայ առաքելական եկեղեցու մասով պետք է խնդիրը լուծենք օրենքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ