Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծի ընդունման պարագայում՝ կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց

Նոյեմբեր 15,2018 15:17

Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի մշակումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում ընդգրկված` առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող 2 կազմակերպությունների` հետագայում ևս որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությամբ: Փոփոխությամբ առաջարկվում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ները մասնավորեցման ցանկից հանել: Արդյունքում կստեղծվեն նշված բժշկական հաստատությունների կառավարման և գործունեության արդյունավետության, ինչպես նաև հետագա զարգացման նախապայմաններ։

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշման նախագծում կներառվի նաև հանձնարարական՝ ներկայացնել այդ հաստատությունների հետագա արդյունավետ կառավարման, գործունեության համար նախատեսվող քայլերը:

«Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ պարոն Գրիգորյան, որովհետև և՛ մասնավորեցման, և՛ չմասնավորեցման որոշման հիմքում պետք է լինի բովանդակություն: Այսինքն մենք ի՞նչ խնդիր ենք կոնկրետ ուզում լուծել մասնավորեցնելով կամ չմասնավորեցնելով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հավանություն է տրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես կառավարության և վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից: Նախագծի ընդունման պարագայում՝ կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:

«Այսինքն` այսպիսով մենք լուծում ենք ժամանակին աղմուկ հանած հարցը: Հիշում եք, որ հիմա օրենքով նախատեսված է, որ սովորաբար կառավարության նիստերը լինում են դռնփակ և դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում: Հիմա մենք հակառակն ենք անում. նիստերն անում ենք դռնբաց: Բնականաբար, կլինի նաև դռնփակ նիստերի անհրաժեշտություն և այդ պարագայում կկայացնենք որոշում դռնփակ անցկացնելու վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում, կձևավորվի առողջ մրցակցություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջև, որը բարենպաստ կանդրադառնա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա: Օրինագծով, մասնավորապես, սահմանվում է քաղաքացիների իրավունքը՝ դիմել ՔԿԱԳ մարմինների համապատասխան գործառույթների իրականացման նպատակով, ինչը չի սահմանափակվի որևէ վարչական տարածքով: Հնարավորություն է ստեղծվում նաև ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակը բարելավելու համար: Բացի այդ, ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին: Նախագծի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը համակարգող և վերահսկող գերատեսչությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ոլորտային համակարգի ամբողջական փոփոխության ուղղված նախագծերի նախապատրաստումը կհիմնի խնդիրների պրակտիկ լուծման վրա:

Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Փոփոխությամբ նախատեսվում է սահմանել իրավական հիմք, որի համաձայն՝ Հարկային մարմնի կողմից հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է տրամադրվել օրենքով այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած 3 օրինագծերի վերաբերյալ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլոր այդ հարցերին հնարավոր է անդրադառնալ Հարկային օրենսգրքի բարեփոխումների քննարկումների համատեքստում: «Հիմա պարզապես ստացվում է, որ քաղաքական պրոցեսների պատճառով նաև Հարկային օրենսգրքի հետ կապված մեր պլանները որոշակի փոփոխությունների են ենթարկվում զուտ ժամանակացույցի առումով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ պետք է աշխատել այն հունվարին ընդունելու համար:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը նույնպես լավ առիթ է, Հարկային օրենսգրքի բարեփոխումների թեմայով հանրային ընդարձակ քննարկումներ կազմակերպելու համար: «Մենք շատ հստակ մեր նպատակադրումների մեջ կողմնորոշվել ենք, և կարծում եմ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը նույնպես լավ առիթ է, որպեսզի այս թեմաներով հանրային ընդարձակ քննարկում ունենանք և որոշակի հղկումներ, շտկումներ անենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ կառավարման, օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում հնարավորինս շատ շահառուներ ներգրավելու համար: «Շատ գործուն մեխանիզմ, որպեսզի մենք այս խնդիրը լիարժեք լուծենք, ցավոք դեռևս չկա: Խնդիրն այն է, որ ամեն ոլորտ ունի հարյուրավոր, հազարավոր շահառուներ: Հետևաբար, սա նաև մեր լուծելու խնդիրն է, և գուցե այստեղ նաև կառավարությունը պետք է խթանի արհեստակցական միությունների, այլ միությունների զարգացումը և ընդհանրապես օրենսդրությամբ կարգավորի այնպես, որպեսզի որոշ կազմակերպությունների հետ հարաբերվելիս մենք համոզված լինենք, որ շփվում ենք ներկայացուցչական մանդատով օժտված սուբյեկտների հետ և կարողանում ենք աշխատանքային ռեժիմով այդ հարցերը քննարկել: Դա շատ կարևոր է ընդհանուր առմամբ գործընկերություն-կառավարություն-հանրություն նոր հարաբերությունները հաստատելու համար»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Գործադիրը հավանություն է տվել «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրինագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Ըստ օրինագծին կից հիմնավորման՝ արդյունքում կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը: Կառավարությունն առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը: Մասնավորապես, Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև:

Հավանության է արժանացել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» կառավարության եզրակացությանը: Օրինագծով առաջարկվում է ավելացնել կուսակցությունների ֆինանսավորման համար ՀՀ պետբյուջեով նախատեսվող միջոցների չափը: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` օրենքի փոփոխությունը թույլ կտա կուսակցությունների ֆինանսավորման ավելացմամբ ձեռնամուխ լինել ՀՀ-ում կուսակցությունների դերի բարձրացմանն ուղղված նոր բարեփոխումների իրականացմանը: Կառավարության եզրակացության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ երկրներում քաղաքական կուսակցությունները ընտրություններին մասնակցելու և որոշակի թվով ձայներ հավաքելու պարագայում ֆինանսավորվում են պետության կողմից, իսկ որոշ երկրներում ընդհանրապես արգելված է կուսակցությունների պետական ֆինանսավորումը: Նկատի ունենալով, որ նախագծի ընդունման դեպքում կառաջանա պետբյուջեից տարեկան շուրջ 700.0 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն՝ կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագծով նախատեսված փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը նպատակահարմար չէ և առաջարկում է գործող օրենքի քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Կառավարության որոշմամբ առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930