Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն արժանի չէ՞, որ ունենա պետական պահպանություն Կառավարությունը գտնում է, որ վեհափառի անվտանգությանը ոչինչ չի սպառնում

Նոյեմբեր 15,2018 15:09

ԱԺ-ում Գալուստ Սահակյանի, Միհրան Հակոբյանի, Կարինե Աճեմյանի հեղինակած «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն էր քննարկվում: Միհրան Հակոբյանն ասաց, որ նախատեսում են, որ թույլ չտան այն հավաքները, որոնք անցկացվելու են ՀՀ նախագահի նստավայրից, կառավարությունից, դատարաններից կամ ՔԿՀ-ներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:

Միհրան Հակոբյանն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին բացառիկ հոգեւոր մշակութային, ազգային ինքնության պահպանման գործում նշանակություն ունի, իսկ գործող օրենքը չի կարգավորում այս խնդիրը: Նա նշեց, որ վերջին շրջանում ոտնձգություններ են եղել եկեղեցու նկատմամբ եւ ժամանակն է խնդիրը կարգավորել:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հավաքների ազատության անհիմն սահմանափակման միտում են տեսնում այստեղ, ինչը հակասահմանադրական է, յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների մասնակցելու իրավունք, նաեւ դա խախտում է միջազգային դրույթներ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ տարբերություն չե՞ք տեսնում հավաքներն արգելելու եւ սահմանափակելու միջեւ, նախագծի հեղինակները չեն ասում արգելել հավաք անցկացնել, ասում են՝ պետք է սահմանափակել, որ չխախտվի Հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե անձանց կրոնական ազատության իրավունքը հավաքը խախտում է, Եվրադատարանը սահմանում է, որ կարող են սահմանափակել, բայց դա չպետք է անել օրենքով:

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց եկեղեցու շուրջ ծավալված վերջին դեպքերն ու հավաքները եւ ասաց, որ արգելափակվել էր եկեղեցու բնականոն գործունեությունը, այդ պայմաններում կարո՞ղ էր եկեղեցին պատարագ մատուցել, ինքն էլ, որպես քրիստոնյա, մասնակցեր դրան:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ դեպքով կարող էին սահմանափակել ու ցրել հավաքը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ կողմ է նախագծին՝ մարդն ազատ է անել այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները, օրինական շահերը եւ չի հակասում Սահմանադրությանն ու օրենքներին: Սահմանադրության մեջ գրված է, որ ճանաչվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում:

ԱԺ-ում քննարկվեց նաեւ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Աճեմյանի կողմից հեղինակած մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Միհրան Հակոբյանն ասաց, որ առաջարկում են բացի ՀՀ նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից, վարչապետի թեկնածուից, նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին տրամադրել պետական պահպանություն: Նա նշեց, որ Հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը մեծ է, իսկ կաթողիկոսի անվտանգության ապահովումը բխում է մեր Սահմանադրությունից. «Դեռեւս 200 տարի առաջ ֆրանսիացի լուսավորիչները գլուխ էին ջարդում, որ պետությունները ղեկավարվեն ոչ թե բարի մարդկանցով, այլ՝ օրենքներով, ոչ թե հայեցողությամբ: Չի բացառվում, որ վաղը կարող է ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնվի մուսուլման, մահմեդական ու որոշի, որ կաթողիկոսին չի ուզում տրամադրել օրենքով, պետք չէ, որ պետական պահպանություն տրամադրել: Դրա համար մենք ուզում են դա անել օրենքով:

Կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ գործող օրենքով ՀՀ նախագահին, վարչապետին, վարչապետի թեկնածուին եւ ԱԺ նախագահին պարտադիր պաշտպանության միջոց է տրված, որոնցից նրանք չեն կարող հրաժարվել: Նույն օրենքով վարչապետին տրված է լիազորություն պաշտպանության միջոցներ նախատեսել այն կրոնական, քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք կունենան այդ պաշտպանության կարիքը: Տվյալ դեպքում կառավարության դիրքորոշումն այն է, որ այս օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը չկա, կառավարությունն ի վիճակի է Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովել եւ պետք չէ տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում եւ կարող է կառավարությունը, հանձին վարչապետի, անգործություն ցուցաբերի: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հենց երեկ է Փաշինյանը հանդիպել կաթողիկոսի հետ, քննարկել մի շարք հարցեր, կասկած չպետք է լինի, որ եթե նրա անվտանգությանն ինչ-որ բան սպառնա, վարչապետը իր լիազորությունները կիրականացնի:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ կաթողիկոսն արժանի է, որ ունենա պետական պահպանություն: Կառավարության դիրքորոշումը չփոխվեց՝ կաթողիկոսի անվտանգությունը վտանգված չէ, եթե լինի նման հարց, վարչապետն ունի լիազորություն, կիրացնի այն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ Այս ցուցապաստառը պարզվել էր կառավարության 100-րդ օրվան նվիրված հանրահավաքում, սակայն Նիկոլ Փաշինյանի հորդորով՝ իջեցվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930