Մոտենում են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները և քաղաքական դաշտում այս պահին արտառոց խմորումներ չկան ու ամեն ինչ կարծես ընթանում է հանդարտ մթնոլորտում: Քաղաքական ուժերը բանակցում են, թե ինչ ձևաչափերով պետք է մասնակցեն ընտրություններին: Փաստացի, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի` նոյեմբերի 14-ի, ժամը 18:00-ի դրությամբ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել թվով 11 կուսակցություններ և դաշինքներ, որոնք են` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ներկայացված ցանկից պարզ երևում է, որ բացի «Իմ քայլը» դաշինքից, մնացած բոլոր ուժերը լոկ մի խնդիր ունեն. ամեն ջանք գործադրել, որպեսզի հայտնվեն նորընտիր Ազգային ժողովում: Երկրում ստեղծված հետհեղափոխական իրավիճակի պատկերը ստանդարտից լիովին դուրս է, քանզի ժողովուրդը համարյա մեկ մարդու պես սիրահարված է Նիկոլ Փաշինյանին, այնպես որ ներկայացվելիք նախընտրական ծրագրերն ու խոստումներն այս պարագայում հավանաբար չեն կարող լուրջ արդյունքներ արձանագրել: Փաստացի, քաղաքական դաշտի ներկապնակը համարյա ուրվագծված է` ենթակա չնչին փոփոխությունների: Եթե զուգահեռ անցկացնենք, ապա իրավիճակը շատ նման է 1990թ.-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին, երբ աշխատում էր միակ խաղաքարտը. թող պոլի փետ լինի, միայն ՀՀՇ լինի: Նման իրավիճակում ծրագրերի և ապագայի տեսլականի մասին խոսելը լրիվ ավելորդ է: Ընտրական գործընթացն ընդամենը նմանվելու է մի արարողակարգի, որի ընթացքում փաստացի ֆիքսվելու է ժողովրդի սերն առ Նիկոլ Փաշինյան:
Թե ժողովրդի քանի տոկոսը կկարողանա զերծ մնալ զուտ զգացմունքայնությունից և կառաջնորդվի նաև քաղաքական նկատառումներով, այդքան տոկոսի մեջ էլ փաստացի կգնա այսպես կոչված` դասական ընտրությունը: Այլ խոսքով, ընտրությունը լավագույն դեպքում կգնա ընդհանուր ընտրազանգվածի մոտ 20-30 տոկոսի բազայի վրա, որտեղ ևս «Իմ քայլը» դաշինքի շանսերն ամենամեծն են: Շատ հավանական է, որ առանձին կուսակցություններն ու ձևավորված դաշինքները չկարողանան հաղթահարել անգամ պահանջվող` համապատասխան 5 և 7 տոկոսների շեմերը ու պայքարն այդ դեպքում տեղափոխվի թեկուզ մեկ ձայն ավելի հավաքելու հարթություն: Ստեղծված իրավիճակը ենթադրում է, որ բացի «Իմ քայլը» դաշինքից, 5 և 7 տոկոսների շեմը` այն էլ ոչ հեշտությամբ, հնարավոր է հաղթահարի միմիայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այն էլ կախված նրանից, թե ինչպիսի քարոզարշավ կիրականացնեն այդ մինի տիրույթում հայտնված մնացած քաղաքական ուժերը: Այս ընտրություններում ևս, ինչպես նախորդ` համարյա բոլոր ընտրություններում, բացարձակապես դեր չեն խաղալու քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախընտրական ծրագրերի որակը և ասելիքը:
Ամենայն հավանականությամբ, վերը նշված մինի տիրույթի ձայները տրվելու են բացառապես ծանոթ-բարեկամ-հարևան և նմանատիպ այլ հարաբերությունների հենքի վրա, այնպես որ այս իրավիճակում հնարավոր է, որ որոշակի շոշափելի ձայներ հավաքեն նաև Հանրապետականի վարկանիշային թեկնածուները, որը իհարկե կխառնի ոչ իշխանական ուժերի խաղաքարտերը: Ինչպես արդեն նշեցինք, շատ հավանական է, որ այս ընտրությունները չափազանց նման կլինեն 1990-1991թթ. ընտրություններին` մի տարբերությամբ միայն, որ այս դեպքում բացակայելու է այն ժամանակվա երկրորդ` Կոմունիստական կուսակցությանը համարժեք ուժը, որն այդ ժամանակ տիրապետում էր բավականին շատ ռեսուրսների, որի արդյունքում էլ առաջին Գերագույն Խորհրդի ընտրություններում հավաքեց բավականին թվով ձայներ և փաստացի, շատ լուրջ եղանակ ձևավորեց նորանկախ Հայաստանի առաջին Գերագույն Խորհրդում, որն էլ իր հերթին մեծ խոչընդոտներ էր ստեղծում ՀՀՇ խմբակցության հետագա գործունեության համար:
Այսօր նմանատիպ համարժեք ուժի բացակայությունը փաստացի էլ ավելի է հեշտացնում «Իմ քայլը» դաշինքի գործը` շատ ավելի ձայներ ստանալու առումով: Ավելի պատկերավոր ասած, այս ընտրությունը շատ ավելի նմանվելու է նրան, թե ժողովուրդն ինչպես կարձագանքեր, եթե ասենք`իմ ու Լևոն Արոնյանի միջև կազմակերպվեր շախմատային մրցամարտ: Այնպես որ, քաղաքական 10 ուժերին կհաջողվի հավաքել 5 տոկոսին մոտ ձայներ, թե ոչ, կախված կլինի միմիայն նրանց կողմից իրականացվելիք քարոզարշավի յուրահատկությունից, որը վերը նշված 20-30 տոկոսի ընտրազանգվածի մոտ կարթնացնի իսկական` դասական ընտրություն կատարելու ցանկությունը, որն էլ գոնե այդ չափով կարտացոլի ժողովրդի այդ հատվածի իրական տեսլականը, որի արդյունքում էլ կձևավորվի նաև` երկար թմբկահարված ընդդիմադիր հատվածը, որի դերն էլ դժվար է գերագնահատել ինչպես ձևավորվելիք Ազգային ժողովում, այնպես էլ Հայաստանում ժողովրդավարության կայացման հետագա գործընթացում: Ընտրական գործընթացի հետ կապված ինչպիսի կանխատեսում էլ արվի, միևնույն է իրավիճակը որոշակիորեն կայուն է. ժողովուրդը հավատում և վստահում է միմիայն Նիկոլ Փաշինյան անձին ու հավանաբար, եթե չլինեն լուրջ ֆորս-մաժորային իրավիճակներ, ապա «Իմ քայլը» դաշինքը կհավաքի ընդհանուր ձայների մոտ 70 տոկոսը, իսկ մնացած 30 տոկոսն անորոշ համամասնությամբ կբաշխվի մնացած 10 ուժերի միջև` նրանց կողմից իրականացվող քարոզարշավին համապատասխան: Քանի որ, հայտեր են ներկայացրել նաև որոշ նոր կուսակցություններ, ինչպիսիք են «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որոնք նոր գրանցված են և նրանց գործունեության ու հնարավորությունների մասին համարյա ոչինչ հայտնի չէ, ապա հնարավոր չէ նաև որոշակի կանխատեսում անել նրանց կողմից ստացվելիք հնարավոր ձայների քանակական ցուցանիշների վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան», «Մենք» դաշինք և «Օրինաց երկիր» ուժերը մոտավորապես կհավաքեն այն նույն համամասնությամբ ձայներ, ինչպիսին հավաքեցին Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ, իսկ ՀՀԿ-ի հավաքած ձայները կախված կլինեն նրանից, թե ինչ ռազմավարություն և մարտավարություն կկիրառեն նրանք, հաշվի առնելով նրանց ոչ վաղ անցյալի կուտակած վարչական և կուտակած ֆինանսական ահռելի միջոցները:
Անանիա Մաղաքյան
Քաղաքագետ, վերլուծաբան