Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուսինե Հարոյան. «Չի կարելի երկրի փրկությունը կապել կոնկրետ անձի հետ»

Նոյեմբեր 15,2018 13:51

Aravot.am-ի հետ զրույցում Լուսինե Հարոյանը նշեց, որ իրեն վերջապես հնարավորություն է տրվել իր մասնագիտական հմտությունները, գիտելիքները ծառայեցնել ի շահ Հայաստանի: «Ես տուրիզմի ոլորտում եմ աշխատում, եւ այդ ամենն իհարկե, իմ ոլորտում վաղուց անում էի: Մարդկանց հրավիրում էի Հայաստան, ցույց էի տալիս մեր երկիրը, եւ նրանք հիացած էին հեռանում այստեղից: Քաղաքական գործընթացներին մասնակցելիս ինքնանպատակ չէ, որովհետեւ այս ձեւով հնարավոր է լիակատար օգտակար լինել հայրենիքիդ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է տարբերվում իրենց կուսակցությունը մյուսներից, ո՞րն է իր կածիքով իրենց հաղթաթուղթը, ինչ ուժեղ ծրագրային կետեր ունի «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը:

«Մեր կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման վրա: Ճիշտ է, կուսակցությունը նոր է, բայց բավականին ակտիվ մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներին: Կուսակցությունն իրեն դիրքավորում է որպես ազգային արժեքների վրա խարսխված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ ուժ:

Սովորաբար սոցիալական ուղղվածությունը մյուս կուսակցությունների ծրագրում ավելի հետին պլան է մղվում, որովհետեւ բոլորի մոտ այն գիտակցումն է, թե տնտեսությունը կզարգանա, ժողովրդի վիճակն էլ կլավանա: Մինչդեռ ինքն իրեն ոչինչ չի ստացվում: Անգամ տնտեսության առողջացման դեպքում սոցիալական խնդիրներն իրենք իրենց չեն լուծվում:

Մենք 2 կետ ենք հստակ առանձնացրել, որոնք շատ կարեւորում ենք` սոցիալական ուղղվածությունը եւ հասարակության իրավագիտակցության բարձրացումն է: Ավտորիտար ռեժիմների պարագայում մարդկանց միշտ ճնշել են, հասցրել են այն վիճակի, որ մարդիկ մտածեն միայն օրվա հացը վաստակելու մասին ու չկարողանան իրավագիտորեն գրագետ լինել: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով էլ ավտորիտար ռեժիմները կարողացել են պահպանել իրենց իշխանությունը: Միայն իրավագիտորեն գրագետ եւ սոցիալապես ապահով մարդը կարող է լիարժեք մասնակցել քաղաքական բոլոր գործընթացներին: Այդ պատճառով էլ մեր կուսակցության առաջնահերթ երկու կետերը հենց դրանք են»,- հայտնեց Լուսինե Հարոյանը:

Նա կարծում է, որ թեեւ Սահմանադրությունը փոփոխվել է, բայց եղածով էլ հնարավոր էր կյանքի կոչել այն դրույթը, որ ժողովուրդն է իշխանության կրողը ու այն չմնար զուտ որպես դրույթ: «Մենք մշակել ենք կոնկրետ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ժողովրդին անմիջականորեն մասնակցել օրենսդիր գործունեությանը եւ վերահսկել:

Այստեղ մի շատ կարեւոր պահ կա, որ ես անպայման ուզում եմ շեշտադրել. Մինչեւ այժմ ժողովրդին այնպես են սովորեցրել, որ մարդիկ իրենց եւ ազգային շահերի փրկությունը կապում են կոնկրետ անձերի հետ, ինչը կործանիչ ճանապարհ է:  Ժամանակակից քաղաքակիրթ պետությունները վաղուց անցել են այդ ճանապարհը եւ հասկացել են, որ չի կարելի երկրի, ժողովրդի փրկությունը կապել անձի հետ, այն պետք է կապել ճիշտ իրավական համակարգի հետ: Այսինքն, պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որը կունենա այն ֆունկցիոնալությունը, օրենսդրական դաշտը (Սահմանադրությունից մինչեւ տեղային օրենքներ), որի պայմաններում ցանկացած անձ, ով էլ կգա իշխանության, ստիպված կլինի լավ աշխատել: Այս դեպքում երկրի,ժողովրդի փրկությունը կախված կլինի հենց ճիշտ իրավական համակարգից: Կոնկրետ անձը Աստված չէ, յուրաքանչյուր մարդ ունի թերություններ, եւ ոչ ոք չի կարող ստանձնել Մեսիայի դերը»,-համոզված է Լուսինե Հարոյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930